Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման ծրագիր են ընդունել

Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման 2026-2027 թվականների գործողությունների ծրագիր են ընդունել, հաղորդում է APA գործակալությունը։

Փաստաթուղթն ընդունվել է Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի ընթացքում։ Հանդիպումը համանախագահել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ու Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։

Կողմերը քննարկել են առևտրի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ադրբեջանական կողմի տվյալներով՝ այս տարվա առաջին ութ ամիսներին երկու երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 10,5 տոկոսով, իսկ Ադրբեջանից Ուկրաինա արտահանումը՝ 17 տոկոսով։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը և ընդունել 14 ուղղություն ընդգրկող գործողությունների ծրագիրը։