Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից խոսում է արդեն հաջորդ տարի Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորության մասին, մյուս կողմից պնդում, թե պաշտոնական Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական նախապատրաստությունը չի սկսել:
Երկու հայտարարությունն էլ վարչապետն արել է այսօր՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:
«Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց նաև գիտեք նաև, որ ԵԱՏՄ-ի գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու: Ես նախկինում ասել եմ, որ հանրաքվեի առարկա գոյություն չունի այս պահին, որպեսզի կարողանանք այն անցկացնել: Որպեսզի մենք Հայաստանի Եվրամիությանը անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք», - ասել է Հայաստանի վարչապետը:
«Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով... ինձ համար ակնհայտ է, որ պրոցեսը տանում է դեպի նրան, որ մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք Եվրամիությանը լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ որ մենք ունենք գործող օրենք», - հավելել է Փաշինյանը՝ նկատի ունենալով Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին անցած տարի ընդունված օրենքը:
Եվրամիության հետ մերձեցմանը ամենակոշտն արձագանքում է պաշտոնական Մոսկվան՝ պարբերաբար զգուշացնելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կտրուկ կթանկանա Հայաստան մատակարարվող ռուսական գազը:
Վերջերս ԵԱՏՄ մյուս չորս անդամները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղրզստանն ու Ղազախստանն մի զեկույց էին հրապարակել այդ տնտեսական դաշինքին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին: Դրանում մի շարք մռայլ կանխատեսումներ կային Հայաստանի տնտեսության մասին: Մասնավորապես, նշվում էր, որ միությունից դուրս գալու դեպքում գազը կթանկանա մոտ 70 տոկոսով, Հայաստանից արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կկրճատվի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի գրեթե 56 տոկոսով, Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում կունենա՝ համախառն ներքին արդյունքը ավելի քան 15 տոկոսով կնվազի, Հայաստանի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանները կխստացվեն, ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գրեթե կիսով չափ կկրճատվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵԱՏՄ զեկույց. 4 երկրները իրավունք ունեն քննարկելու Հայաստանի անդամակցության կասեցումըՎարչապետ Փաշինյանն այսօր ասաց, որ Երևանում համաձայն չեն այս զեկույցի գնահատականների հետ:
«Մենք շարունակում ենք աշխատանքը Եվրասիական տնտեսական միության հետ: Զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասի հետ ընդհանրապես համաձայն չենք, և մենք մեր անհամաձայնությունները աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին», - նշեց Նիկոլ Փաշինյանը: