Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին. 4 մլն դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար

Կառավարությունը հաստատեց 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը։

«Ծրագրի տրամաբանությունը հետևյալն է. այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան 6 և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 4-ական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել բանկային հիպոտեկային ծրագրերի վարկավորման միջոցով տուն կառուցելու կամ տուն ձեռք բերելու համար», - ներկայացրեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

Իսկ եթե այդ տունը կառուցվի գյուղական բանակավայրում, նախարարը նշեց, որ կտրամադրվի ևս 4 միլիոն դրամ. «Կարող են օգտագործել կա՛մ տուն կառուցելու համար հողամաս ձեռք բերելու, կա՛մ այլ հողամաս, որը կմշակի ընտանիքը, ինչպես նաև կենցաղային տեխնիկա, կահույք ձեռք բերելու համար»:

«Մենք փորձել ենք ծրագիրը կապել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի հետ, որպեսզի նաև հասցեական լինի: Եթե ընտանիքի եկամուտները 2026 թվականի հայտարարագրով ավելի կլինեն 10 միլիոն դրամից, ապա նրանք այս ծրագրից չեն կարողանա օգտվել: Կա նաև գույքի առկայության պայման, կլինեն ընտանիքներ, որ կարիքը չունեն հավելյալ անշարժ գույքի: Մենք նաև ունենք բնակարանային ապահովման այլ ծրագրեր ևս, նույն շահառուն չի կարող օգտվել մի քանի ծրագրից միևնույն ժամանակ», - նշեց Թորոսյանը:

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ 6-ից ավելի երեխա ունեցող 600-ից ավելի ընտանիք կա Հայաստանում: «Նրանցից շատերը գրանցված են մեր անապահովության համակարգում», - ասաց նա: