«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո ընդդիմադիր մի շարք ուժերի ներկայացուցիչներ հավաք են անցկացնում:
Հանդիպումն ընթանում է Սամվել Կարապետյանի առանձնատանը, «Ազատությանը» փոխանցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, ով ևս մասնակցում է քննարկմանը:
Հանդիպմանը ներկա են Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, մասնավորապես, պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Իշխան Սաղաթելյանը, Լևոն Տեր - Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանից» Իվետա Տոնոյանն ու Արման Աբովյանը, «Հայաքվեի» ղեկավար Ավետիք Չալաբյանը և այլ ընդդիմադիրներ:
Բացելով հանդիպումը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց. - «Մենք գիտենք, որ հայկական քաղաքական դաշտը միշտ շատ բարդ է միավորում, բայց այսօր առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների բարդությանը, մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պայքարել մեզ պարտադրվող զիջումների դեմ: Եկեք սկսենք քննարկումը և մեր հանրությանը ներկայացնենք ընդհանուր մոտեցում էն կետերի շուրջ որոնք առանցքային են լինելու մեր հետագա պայքարի համար, որի շուրջ բոլորս համակարծիք ենք»:
«Ուժեղ Հայաստանը» պնդում է, թե Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կապված է նոր Սահմանադրության շուրջ ընդդիմության կոշտ դիրքորոշման հետ:
Ընդդիմադիր խմբակցությունները կառավարության մշակած նոր Սահմանադրությունը անվանում են «ալիևյան» և հայտարարում, որ չեն աջակցի իշխանությանը՝ խորհրդարանում փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար: Նոր Սահմանադրության նախագծում չկա հղումն Անկախության հռչակագրին, իսկ այն Հայաստանի մայր օրենքից հանելը Բաքուն նախապայման է դարձրել՝ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար:
Վերջին ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած իշխող «Քաղաքացիական պայմանագրին» առնվազն վեց ընդդիմադիրի ձայն է պետք՝ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար:
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ հեգնանքով են արձագանքում ճնշումների մասին ընդդիմության պնդմանը՝ հորդորելով բացատրել, թե ինչպես են տեղի ունեցել այն ենթադրյալ չարաշահումները, որոնցում իրավապահները մեղադրում են Սամվել Կարապետյանին և նրա մերձավոր շրջապատին:
Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ գործարարին կասկածում են կազմակերպված եղանակով իրեն պատկանող ՀԷՑ-ին 64.5 միլիարդ դրամի կամ մոտ 180 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ: Այսօր այս գործով 35 մարդ է ձերբակալվել, քննիչները նրանցից 9-ին, այդ թվում Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել: