Չինաստանը հաստատել է, որ բանակցություններ են ընթանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր եռակողմ հանդիպման շուրջ։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինի խոսքով՝ Պեկինն այս հարցով կապի մեջ է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ։ Ըստ AFP-ի՝ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի 18-19-ը Շենժենում նախատեսված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ եռակողմ հանդիպման գաղափարն առաջարկել է Պուտինը՝ ցանկանալով առանց Ուկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչների քննարկել ուկրաինական պատերազմի ավարտի պայմանները։
Թրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հանդիպմանը, սակայն նախընտրում է քննարկել միջուկային զինաթափման, ոչ թե Ուկրաինայի պատերազմի հարցերը։
Մինչդեռ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը վերջերս հայտարարել էր, որ Սի Ծինփինն իր հետ զրույցում ընդգծել է՝ Չինաստանը չի պատրաստվում Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների։ Ըստ Շտայնմայերի՝ Չինաստանի առաջնորդը նաև նշել է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցեն եվրոպացիները։