Երբ է Երևանը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու. Փաշինյանը մի քանի ժամկետ է նշում

Բրյուսել - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Euronews-ի կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, 3-ը նոյեմբերի, 2026 թ.

Ե՞րբ է Երևանը պատրաստվում անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել Եվրամիությանը: Այսօր Հայաստանի վարչապետին ԵՄ ընդլայնման թեմայով «Եվրանյուզի» կազմակերպած գագաթնաժողովին այս հարցը մի քանի անգամ ուղղեցին:

Ինչպես նախորդող ամիսներին, այնպես էլ այսօր Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետ չնշեց, միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, թե դա հեռու ապագայի հարց չէ:

«Չգիտեմ որքանով է իրատեսական, բայց հաջորդ տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականը կարող է իրատեսական լինել, բայց գիտեք, այժմ մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության վրա: Մեր թիրախն է ունենալ վիզաների ազատականացում 2029 թվականին: Եվ դա կլինի ևս մեկ շատ կարևոր փուլ Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում: Կարող ենք ասել, որ այժմ մենք սկսել ենք գործընթաց, որը մեզ կբերի Եվրոպական Միությանը լիարժեք անդամակցության հայտ ներկայացնելու վերջնական որոշմանը», - նշեց Հայաստանի ղեկավարը:

Մոսկվան իր այս պահանջն այս տարի ուղեկցեց տնտեսական պատժամիջոցներով. արգելեց հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով:

Նախքան գագաթնաժողովին մասնակցելը Փաշինյանն այսօր հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

Գագաթնաժողովում Հայաստանի վարչապետն ասաց, թե ԵՄ անդամակցության թեմայով ներքին քննարկումներ կան եվրոպացի գործընկերների հետ, և Երևանին լավատեսություն են ներշնչում այն ազդակները, որ այժմ «ԵՄ-ում ընդլայնվելու քաղաքական ուժեղ կամք կա»:

Հարց հնչեց նաև Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունների մասին:

«Մենք արդեն մի քանի տարի է, ինչ ընդունել ենք արտաքին քաղաքականություն, որն անվանել ենք հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն: Մեր հիմնական նպատակն է դիվերսիֆիկացնել մեր բոլոր տեսակի հարաբերությունները՝ տնտեսական, քաղաքական և այլն: Որովհետև, գիտեք, եթե ցանկացած հարաբերություններում չկա հավասարակշռություն, միշտ ռիսկ կա: Եվ մեր արտաքին հարաբերությունների հավասարակշռման գործընթացն այդ ռիսկերը կառավարելու գործընթաց է», - արձագանքեց Փաշինյանը՝ կրկնելով իր հայտնի թեզը, որ անկախությունը շատերից կախվածությունն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԱՏՄ զեկույց. 4 երկրները իրավունք ունեն քննարկելու Հայաստանի անդամակցության կասեցումը

Ինչ վերաբերում է Մոսկվայից հնչող սպառնալից հայտարարություններին, օրինակ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պնդմանը, թե Հայաստանը կարող է «նոր Ուկրաինա դառնալ», ապա վարչապետը դա ոչ կառուցողական համարեց ու ընդգծեց. - «Հայաստանը չի պատրաստվում դառնալ ուրիշ բան: Հայաստանը Հայաստանն է: Մեր նպատակն է բարձրացնել, զարգացնել մեր անկախությունը: Եվ դա լեգիտիմ նպատակ է: Երկրորդ, ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինտեգրված երկիր լինելու ձգտման համար»:

Փաշինյանի խոսքով՝ նախքան Հայաստանի քաղաքացիներին հարցնելը՝ ԵԱՏՄ-ում են ուզո՞ւմ մնալ, թե՞ դառնալ ԵՄ անդամ, պետք է իրական այլընտրանք ստեղծեն. - «Մենք այլընտրանք ենք ստեղծում և հնարավորություն ենք ստեղծում մեր ժողովրդի համար ընտրություն կատարելու: Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդն հնարավորություն ունենա ընտրություն կատարելու, ժողովրդավարական ընտրություն կատարելու»: