Եթե ռուսական գազը տասը տոկոսով թանկանա, Հայաստանի ընդհանուր գնաճի վրա կանդրադառնա մինչև 0.8 տոկոսով, հայտարարում է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Կենտրոնական բանկի նախագահի ներկայացրած հաշվարկն ու գնահատականը նշանակում են, որ եթե, օրինակ ռուսական գազը հիմա թանկանա, վերջին տվյալներով` 4.3 տոկոս ընդհանուր գնաճը կհասնի 5.1 տոկոսի:
Ըստ շաբաթներ առաջ հրապարակված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի զեկույցի, եթե Հայաստանը դուրս գա տնտեսական միությունից, գազը կթանկանա 69 տոկոսով: Թե ի՞նչ կլինի այդ դեպքում, Երևանը պաշտոնական հաշվարկներ դեռ չի հրապարակել, դա անելու համար, կենտրոնական բանկի նախագահի խոսքով, ստույգ տվյալներ են պետք. որքան կլինի թանկացումն ու ինչպես կարձագանքի այդ քայլին Հայաստանի կառավարությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵԱՏՄ զեկույց. 4 երկրները իրավունք ունեն քննարկելու Հայաստանի անդամակցության կասեցումը
«Մենք չենք արել 70 կամ ավելի քան 60 տոկոսի հաշվարկ, մեզ դա չէր հետաքրքրում, որովհետև այդ զեկույցի մեջ չկար քաղաքականության արձագանքի էլեմետը, այսինքն ենթադրվում է, որ եթե գներն այդքան թանկանալու են Հայստանի պատկան մարմինները հակազդելու ինչ-որ քաղաքականություն են իրականացնելու, որպեսզի գների բարձրացումը նույնկերպ չարտացոլվի մարդկանց կամ տնտեսության վրա»:
10 տոկոսով հնարավոր թանկացման շուրջ այս հաշվարկը կենտրոնական բանկի նախագահի՝ թեմայի վերաբերյալ առաջին հայտարարությունը չէ. սեպտեմբերին Մարտին Գալաստյանն ասել էր, թե գազի թանկացումը կարող է նաև Հայաստանի տնտեսական անկման ռիսկին հանգեցնել.
«Մեր տեսանկյունից X տիպի սցենար է, ոչ Ա է, ոչ Բ, դա ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պիտի լինի ավելի ուժգին ու ոչ բնականոնի մեջ, դրա համար մենք այս պահին շարժվում ենք մեր բնականոն ընթացքով, բայց մտքում ունենալով այդ հնարավոր խնդիրների առկայությունը»:
Գազի հնարավոր թանկացման շուրջ քննարկումները կիկոսային սցենար համարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ արձագանքեց ու ոչ ավել, ոչ պակաս պնդեց, թե, այդպիսի հետևանքների մասին բարձրաձայող մարդիկ հեռու են տնտեսագիտությունից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Չթանկանալու երաշխիք չկա». Փաշինյանը չի բացառում գազի թանկացումըԳազը թանկացնելու վերաբերյալ Ռուսաստանից հայտարարությունների ալիքը սկսվեց խորհրդարանական ընտրություններից առաջ՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին ապրիլին կայացած հանդիպումից հետո:
Ռուսաստանը Հայաստանին հորդորում է արագ կողմնորոշվել՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե դեպի Եվրամիություն շարժվել ու այս հարցով հանրաքվե անցկացնել, արդեն ամիսներ շարունակ Մոսկվան առևտրային սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ թույլ չտալով հայկական բազմաթիվ ապրանքների մուտքը ռուսական շուկա: Նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարների հանձնարարությամբ էլ կազմել են զեկույցը, որը ներկայացնում է, թե ինչ կլինի, եթե Երևանը դուրս գա տնտեսական միությունից: Ըստ այդ զեկույցի դուրս գալու դեպքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կնվազի 15.6 տոկոսով, Երևանն այս հաշվարկները չափազանցված է որակում ու հակադարձում՝ ազդեցությունն անգամներով ավելի մեղմ կլինի։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ զեկույցի հեղինակները հաշվի չեն առել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը նույն տեղում չի մնալու և պետք է ինտեգրվի այլ տնտեսական միավորումների։
Գազի հնարավոր թանկացումը այդ զեկույցում ներկայացված հաշվարկների մի մասն է՝ նաև հաշվել են, թե ինչպես կփոխվի Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը, դրամական փոխանցումների ծավալը և այլն: Ի դեպ, Կենտրոնական բանկը այսօր ևս 0.25 տոկոսով բարձրացնեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն ու 7 տոկոս սահմանեց՝ գնաճը զսպելու համար: