Թրամփը հայտարարում է Իսրայելին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ պայմանավորվել է տարեվերջից դադարեցնել Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցությունը։

Fox News-ի «Fox and Friends» հաղորդման ժամանակ Թրամփն ասել է, որ Իսրայելն այլևս այդ աջակցության կարիքը չունի, իսկ որոշ դեմոկրատներ և ձախակողմյան քաղաքական գործիչներ ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունն օգտագործում են հանրապետականներին քննադատելու համար։

«Բիբի Նեթանյահուն և ես պայմանավորվել ենք, որ այս տարվա ավարտից հետո այլևս գումար չենք տրամադրի Իսրայելին։ Բայց անհրաժեշտության դեպքում կօգնենք նրան»,- հավելել է նա։

Նեթանյահուի գրասենյակը Թրամփի հայտարարություններին անմիջապես չի արձագանքել։

Հստակ չէ, թե հատկապես ֆինանսավորման որ ծրագրի մասին է խոսել Թրամփը։ Իսրայելին տարեկան 3.8 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական օգնություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը լրանում է 2028 թվականին։ Արդեն քննարկումներ են ընթանում, թե ինչպես կփոխվի Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին այդ ժամկետից հետո։

«Նրանք կարող են գնել այն, ինչ ուզում են։ Եվրոպան նույնպես կարող է։ Մենք աշխարհում ամենալավ զենքերն ենք արտադրում»,- ասել է Թրամփը։

Մայիսին CBS-ին տված հարցազրույցում Նեթանյահուն ասել էր, որ հույս ունի առաջիկա տասը տարում նվազեցնել Իսրայելի կախվածությունը ԱՄՆ ռազմական օգնությունից։ Իսկ հունիսին ամերիկացի կոնգրեսականներից մեկին ուղղված նամակում նա գրել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը «օգնություն ստացողից վերածվի գործընկերոջ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեթանյահուն ցանկանում է աստիճանաբար դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունը Իսրայելին

2023 թվականին Գազայի պատերազմը սկսվելուց հետո Իսրայելին աջակցությունը ԱՄՆ հանրության շրջանում նվազել է, հատկապես՝ դեմոկրատների շրջանում։

Քուինիպիաքի համալսարանի (Quinnipiac University) հունիսյան հարցման համաձայն՝ Ամերիկացի ընտրողների 48 տոկոսը կարծում էր, որ ԱՄՆ-ն չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում Իսրայելին։ Դեմոկրատների շրջանում այդ ցուցանիշը 66 տոկոս է։

2017 թվականին, երբ այս հարցն առաջին անգամ էր տրվել, այդ ցուցանիշները համապատասխանաբար 16 և 20 տոկոս էին։