Եվրոպան 2013 թվականից ի վեր ունի բնական գազի ամենացածր պաշարները

Եվրոպան ձմռանն ընդառաջ ունի բնական գազի ամենացածր պաշարները՝ 2013 թվականից ի վեր։ Սա կարող է միջազգային շուկայում ճնշումը երկարաձգել մինչև 2027 թվական։

Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի վերջին Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են եղել ընդամենը 75 տոկոսով։ Սա զգալիորեն ցածր է Եվրամիության սահմանած 80 տոկոսի նվազագույն նպատակային ցուցանիշից և վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակն է։

Իրավիճակը պայմանավորված է մի քանի գործոններով․ ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով վնասվել են Պարսից ծոցի տարածաշրջանում գործող բնական գազի հեղուկացման գործարանները, իսկ Հորմուզի նեղուցով գազի տարանցումը կրճատվել է։

Բացի այդ, եվրոպական երկրները գազի պաշարների համալրումը սկսել են ջեռուցման նախորդ սեզոնի ավարտին՝ գարնանը, պահեստարաններում մնացած ցածր մակարդակի պայմաններում։ Գնորդներն ի սկզբանե հետաձգել էին գազի գնումները՝ հույս ունենալով, որ գները կնվազեն։

«Օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին մատակարարումների ծավալներն ավելացել են, սակայն դա բավարար չի եղել ուշացումը լրացնելու համար»,- նշում է Էներգետիկայի միջազգային գործակալությունը՝ հավելելով՝ այս սեզոնին պահեստարաններ մղված գազի ծավալը շուրջ 4 տոկոսով պակաս է եղել վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից։

Արդյունքում եվրոպական երկրներն ավելի մեծ կախվածության մեջ են հայտնվում հեղուկացված բնական գազի լրացուցիչ մատակարարումներից՝ պահանջարկի գագաթնակետային ժամանակահատվածում իրենց կարիքները բավարարելու համար։

Գործակալության գնահատմամբ՝ դա կարող է նաև մեծացնել նրանց խոցելիությունը, եթե ձմեռը սովորականից ցուրտ լինի, գազային ցանցում տեխնիկական խնդիրներ առաջանան կամ մատակարարումները խափանվեն։

Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը ձմռանը բավարար գազ կունենա՝ չնայած պահեստարանների լցվածության սահմանված թիրախը չապահովելուն։ Գերմանիայի էներգետիկ ենթակառուցվածքներն ու շուկաները վերահսկող դաշնային գործակալության տվյալներով՝ երկրի գազապահեստարանները միջինում լցված են 61 տոկոսով։


Սա ցածր է նոյեմբերի 1-ի համար օրենքով սահմանված 70 տոկոսի թիրախային ցուցանիշից։ Այն նաև զիջում է Եվրամիության միջին ցուցանիշին, որը, գազի պահեստավորման տվյալները հետևող AGSI հարթակի համաձայն, մոտ 75 տոկոս է կազմում։