Մեկ տարեկան փոքրիկին դաժանաբար ծեծելու ու մահվան հասցնելու մեղադրանքով դատարանի առջև կանգնած Ռիմմա Ենոքյանն ինքն էլ երեխա ունի, ողբերգությունից հետո մանկահասակ տղային հեռացրել էին այդ տնից, տեղափոխել Մանկան տուն ու այժմ համապատասխան մարմինները քննարկում են, թե որտեղ պիտի ապրի երեխան:
Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը տեղեկացրեց՝ մինչև առաջիկա նիստը մանրամասն ուսումնասիրվում է ընտանիքը, երեխայի հոր աշխատավայրից են կարծիք ստացել, հոգեբանն է Մանկան տուն՝ երեխային այցելել:
«Մենք դիտարկում ենք երեխայի լավագույն շահը՝ ինչ միջավայրում կարա մեծանա անհոգ», - ասաց Միքայել Օհանյանը:
Վերջնական որոշումը կկայացվի Երևանի քաղաքապետարանում: «Ազատության» տեղեկությամբ, սակայն, Միասնական սոցիալական ծառայությունը կարծիք է հայտնել, որ երեխան կարող է վերադառնալ տուն: Իսկ թե ինչ տան ու բարքերի մասին է խոսքը՝ կարդում ենք դատական նյութերում. այդ տանը մեկ տղամարդ կա Մարտին Ռաֆայելյանը ու մի քանի կանայք, երեխաներ այդ կանանցից, նրանցից մեկ տարեկան Ալեքսը դարձավ այս բարքերի զոհը:
«Ազատությունը» լուսաբանել էր այս ողբերգությունը. Ալեքսի մայրը՝ Մարիամ Մկրտչյանը պատմել էր, որ նախկին ամուսնու ու նրա կողակցի՝ Ռիմայի մոտ էր թողել երեխային, մինչև վարձով տուն գտնի. «Ուղղակի այնտեղ ավելի ապահով էր, ես չգիտեի՝ ինչ կարա լինի»:
Հենց այդ «ապահով» տանն էլ փոքրիկը հայտնվել էր Մարտին Ռաֆայելյանի կողակցի՝ Ռիմմայի բռունցքների տակ: Ըստ մեղադրականի՝ նա պարբերաբար ծեծել է երեխային, նույնիսկ երբ փոքրիկը հիվանդ ու ջերմելիս է եղել: Մահը վրա է հասել նրան հասցված ավելի քան 20 վնասվածքների պատճառով: Որ այդ կինը սեփական երեխայի հանդեպ էլ, մեղմ ասած, հանդուրժող չէր, հարևաններն էին պատմել:
Ռիմա Ենոքյանը այժմ անօգնական վիճակում գտնվողի հանդեպ սպանության հոդվածով է մեղադրվում, որով ընդհուպ ցմահ ազատազրկում է նախատեսված: Իսկ նրա նախկին կողակիցը՝ Մարտին Ռաֆայելյանը պնդում է՝ իրենց համատեղ տղան պիտի իր մոտ տուն գնա, ինքը հրաժեշտ է տվել այդ վարձով տանն ու այդ կանանց. այնտեղ, որտեղ ապրում է, այդպիսի բարքեր չեն. «Իմ տունը, որտեղ ես բնակվում եմ, լրիվ անվտանգ է»:
Մյուս կողակցից ծնված ու սպանված փոքրիկի մասին շատ բան չունի ասելու. «Ես էդ օրը տունը չեմ եղել»:
Այժմ Մանկան տանը գտնվող երեխայի համար, պնդում է, պայքարելու է. «Ոչ մի բանի դեմ չեմ կանգնի երեխուս տուն տանելու համար, ես իմ էրեխուն չեմ ծախում, խնամակալ ընտանիքի էլ չեմ տա»:
Արդյոք Միասնական սոցիալական ծառայությունում կփոխեն կարծիքը, ի վերջո ի՞նչ կորոշի քաղաքապետարանի համապատասխան մարմինը՝ կիմացվի առաջիկա օրերին:
Փոքրիկ Ալեքսի սպանությունից հետո միայն պարզ դարձավ, որ նրա մայրը մինչև այդ էլ զույգ նորածինների էր լքել, հետո էլ փոքրիկ աղջկան թողել վատառողջ տարեց ծնողի հույսին, բայց այս ամենով հանդերձ սոցիալական մարմինների ու իրավապահների տեսադաշտում այդպես էլ չէր հայտնվել: