Ղազախստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել. 10 մարդ է ձերբակալվել

Ղազախստանի արևմուտքում՝ Ատիրաու քաղաքում, պետական հեղաշրջման փորձ է կանխվել, ձերբակալվել է 10 մարդ, հաղորդում է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի։

Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալները մտադիր էին բռնի ճանապարհով փոխել երկրի արևմտյան հատվածի սահմանադրական կարգի հիմքերը։

Ձերբակալվածները կասկածվում են ծայրահեղական խմբավորում ստեղծելու, ղեկավարելու կամ դրա գործունեությանը մասնակցելու, ահաբեկչություն քարոզելու և կրոնական թշնամանք հրահրելու մեջ։

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են հրազեն, թմրանյութեր, կրոնական գրականություն և այլ իրեղեն ապացույցներ։ Դադարեցվել է նաև կասկածյալների ստեղծած՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված երեք ընդհատակյա ուսումնական կենտրոնների գործունեությունը։