Գերիների հարցը խաղաղության հաստատման գործընթացի շրջանակում նախատեսվող լուծումներից առանձին հարց է. Ալեքսանյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ գերիների հարցը խաղաղության հաստատման գործընթացի շրջանակում նախատեսվող լուծումներից առանձին հարց է:

«Ազատության» հարցին՝ արդյոք խաղաղության հաստատման գործընթացի շրջանակում նախատեսվող լուծումները ներառո՞ւմ են նաև ադրբեջանական բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիների վերադարձի հարցը, Ալեքսանյանը պատասխանել է, որ դա առանձին քննարկման ենթակա հարց է։

«Գերիների, պահվող անձանց հարցը, կարծում եմ, պետք է նույնիսկ մինչև դա լուծված լինի: Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մինչև դա լուծված լինի այդ հարցը», - ասել է պատգամավորը։

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում են փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ: