Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների հարցով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստը մեկ շաբաթով հետաձգվել է, «Ազատությանը» հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ նիստը պետք է կայանար նոյեմբերի 3-ին, սակայն Հայաստանի նախաձեռնությամբ հետաձգվել է։ Թե ինչու, նախարարը չի բացատրել:
Երևանն ավելի վաղ դիմել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ պահանջելով Ռուսաստանի սահմանափակումները ճանաչել «առևտրային խոչընդոտ»:
Մոսկվան տարեսկզբից արգելափակել է հայկական գյուղմթերքի, ձկնամթերիք, ծաղիկների, մի շարք ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչների ներմուծումը՝ միաժամանակ Երևանից պահանջելով հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արտահանման սահմանափակումները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը. Փաշինյան«Ազատության» հարցին՝ Երևանը հույս ունի՞, որ ԵԱՏՄ կոլեգիան Հայաստանի օգտին որոշում կկայացնի, Պապոյանը պատասխանել է. - «Կախված է նման հարցերից՝ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա։ Եթե այն սահմանափակումները, որ մեր նկատմամբ կիրառվել են, անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրա հետ, ես կարող եմ ասել՝ անդամ մյուս երկրները պետք է սպասեն իրենց հերթին»։
Պապոյանը սխալ է համարել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների պատրաստած զեկույցի հաշվարկները՝ օրինակ բերելով Հայաստանից Ռուսաստան մոնիտորների արտահանման կրճատումը։
«Ենթադրենք՝ մոտ 15,2 անգամ պակասել է մոնիտորների արտահանումը դեպի Ռուսաստան։ Պարզ է՝ մենք մոնիտոր չենք արտադրում, հետևաբար վերաարտահանում է եղել, որը ներառված չէ», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ զեկույցի հեղինակները հաշվարկել են, թե որքան ավելացված արժեք, աշխատատեղ և հարկային եկամուտ կկորցներ Հայաստանը, եթե այդ մոնիտորներն արտադրվեին այստեղ։ Մինչդեռ իրականում դրանք պարզապես ներմուծվել և վերաարտահանվել են, վճարված ԱԱՀ-ն էլ վերադարձվել է։ Արդյունքում Հայաստանում մնացել են ընդամենը մի քանի աշխատատեղ և գործարարի համեմատաբար փոքր շահույթը։
«Հետևաբար՝ իրենք շատ սխալ են հաշվարկել, և իրականում շատ անբարեխիղճ աշխատանք է տարվել պատվիրատուների նկատմամբ։ Սխալ հաշվարկ են արել և սխալ թուղթ են ներկայացրել», - հայտարարել է Պապոյանը։
Զեկույցի հեղինակները կանխատեսել են, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու դեպքում գազը կարող է թանկանալ 69 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն՝ նվազել 15 տոկոսով։
Պապոյանը չի բացառել գազի թանկացման հնարավորությունը՝ նշելով, որ կառավարությունը տարբեր սցենարներ է հաշվարկել և պետք է պատրաստ լինի դրանց։ Սակայն նա սխալ է համարել ՀՆԱ-ի ավելի քան 15 տոկոս անկման հաշվարկը։
Նախարարի պնդմամբ՝ նույնիսկ գազի 300 տոկոս թանկացման դեպքում ՀՆԱ-ի անկումը չի հասնի 15 տոկոսի։ Իսկ «Ազատության» հարցին՝ գազի 69 տոկոս թանկացման դեպքում որքան կլինի տնտեսական անկումը, Պապոյանը պատասխանել է, որ հստակ չի հիշում, բայց մոտ 2.2 տոկոս։
Նրա խոսքով՝ զեկույցում հաշվի չեն առնվել նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար հնարավոր այլ առևտրային ռեժիմները:
«Եթե, օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս, իրենք հաշվի չեն առել, ենթադրենք, ԵՄ-ի հետ առևտրի գործոնը։ Պիտի հաշվես, որ քո դեպքում ազատ առևտրի այլ ռեժիմներ կարող են գործել», - նշել է նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵԱՏՄ զեկույց. 4 երկրները իրավունք ունեն քննարկելու Հայաստանի անդամակցության կասեցումըԱնդրադառնալով դեկտեմբերին նախատեսվող՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորության շուրջ քննարկմանը՝ նախարարը պնդել է, որ նման քայլն իրավական հիմք չունի։
«Ես չեմ կարող բացառել խելագարության կանխավարկածը, բայց չեմ կարող առաջնորդվել դրանով։ Այդպիսի բան անելը հակաիրավական է։ Նման բան աշխարհում գոյություն չունի», - հայտարարել է Պապոյանը՝ հավելելով, որ թեժ քննարկում է սպասվում, որի ընթացքում կողմերը պետք է պայմանավորվածությունների հասնեն։