Հայաստանը գործնականում սկսել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրագործումը, Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԺ-ում մեկնարկել են 2027 թվականի պետական բյուջեի քննարկումներըՆրա խոսքով՝ կառավարությունը, չսպասելով հետագա գործընթացների կազմակերպմանը, սեփական նախաձեռնությամբ կպատվիրի TRIPP-ով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները։
«Որպեսզի ժամանակ չկորցնենք և սկսենք նախագծի շուրջ աշխատանքները», - ասել է վարչապետը՝ պարզաբանելով, որ երբ ձևավորվի TRIPP-ի զարգացման ընկերությունը և պատրաստ լինի ստանձնելու այդ աշխատանքները, կառավարությունն արդեն կատարվածը կփոխանցի նրան։
«Այս փուլում մտել ենք TRIPP-ի իրագործման փուլ», - ընդգծել է Փաշինյանը՝ խոսելով նախագծի շրջադարձային նշանակության մասին։
Վարչապետի համոզմամբ՝ TRIPP-ի իրականացմամբ կհաղթահարվի Հայաստանի ավելի քան 30 տարվա շրջափակումը, երկիրը երկաթուղային հաղորդակցությամբ կապաշրջափակվի ինչպես արևելք-արևմուտք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով։
Փաշինյանը, սակայն, շեշտել է, որ ապաշրջափակման համար անհրաժեշտ ոչ բոլոր ենթակառուցվածքներն են լինելու TRIPP-ի մաս։ Նրա խոսքով՝ նախագծում ներառվելու են Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, ինչպես նաև այդ հատվածում նախատեսվող ավտոճանապարհն ու էլեկտրահաղորդման գծերը։ Իսկ գազամուղի և նավթամուղի հարցերը դեռ հետագա քննարկման թեմա են։
«Ուզում եմ ընդգծել՝ TRIPP նախագիծը տարածք չունի», - հայտարարել է վարչապետը՝ պարզաբանելով, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վավերացված համաձայնագրի շրջանակում TRIPP նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում։
Նրա խոսքով՝ եթե ապագայում Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ կամ նավթամուղ անցնի, պարտադիր չէ, որ այն կառուցվի երկրի հարավում։
«Մեր նախնական քննարկումները ցույց են տալիս, որ ավելի հավանական է, որ բոլորովին այլ երթուղով կանցնի», - նշել է Փաշինյանը։
Վարչապետը չի բացառել նաև, որ երկարաժամկետ հեռանկարում TRIPP-ի շրջանակում միջազգային նշանակության երկաթուղիներ կարող են գործել Հայաստանի այլ հատվածներում ևս։
Անդրադառնալով Հայաստանի տարանցիկ հնարավորություններին՝ Փաշինյանը պնդել է, որ խոշոր շուկաները կապող արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է երկրի հյուսիսով՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։
«Արևելք-արևմուտք ամենակարճ կապն անցնում է ՀՀ հյուսիսով, այդ ամենակարճ կապն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ են մեծ ներդրումներ։
Խորհրդարանը նախորդ շաբաթ 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրել էր TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները դեմ էին քվեարկել փաստաթղթին։
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ կապ տրամադրել Նախիջևանի հետ՝ Հայաստանի համար փոխադարձ առավելություններով։
Ընդդիմության հիմնական առարկություններից մեկն այն է, որ դեռ հստակ չէ՝ ինչ պայմաններով են Հայաստանի քաղաքացիները կարողանալու Ադրբեջանի տարածքով երթևեկել։ Բաքուն այս հարցով առայժմ որևէ պարտավորություն չի ստանձնել, իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ ընդունել էր, որ խնդիրը դեռ ճշգրտման կարիք ունի։