ԱԺ-ում մեկնարկել են 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները

Ազգային ժողովում այսօր մեկնարկել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են բյուջեի հիմնական ցուցանիշները՝ եկամուտները, ծախսերը, պետական պարտքն ու պակասուրդը։

Քննարկումներին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն,Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և կառավարության այլ անդամներ։

Նիստին բացման խոսքով հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շա՞տ է բյուջեն, թե՞ քիչ։ Բյուջեն ընդհանրապես շատ չի լինում։ Աշխարհում գոյություն չի ունեցել մի երկիր, որ կանգնի, ասի՝ իմ բյուջեն շատ է», - հայտարարել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ որքան մեծանում է պետական բյուջեն, այնքան ավելանում են նաև կարիքները, ծախսերն ու հասարակության ակնկալիքները։

«Ինչքան բարձր է բարեկեցության մակարդակը, մարդիկ ակնկալում են բարեկեցության ավելի բարձր մակարդակ», - նշել է նա։

Վարչապետը նաև շեշտել է, որ լավ ապրելու միակ ճանապարհն աշխատանքն է։

«Կան մարդիկ, որ կարող են կարծել, որ գողանալը, երկիրը թալանելը լավ ապրելու մոդել է, բայց մեր ուղերձը սա է՝ լավ ապրելու մոդելը աշխատանքն է», - հայտարարել է Փաշինյանը։


Մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի արդեն նոյեմբերին։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության շուրջ իշխանության և ընդդիմության վերջին քննարկմանը։

Փաշինյանի խոսքով՝ եթե կառավարող մեծամասնությունը կարողանա համոզիչ պատասխաններ տալ բարձրացված հարցերին, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։

Վարչապետը պնդել է՝ եթե այդ պայմաններում ընդդիմությունը շարունակի դեմ արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը, կնշանակի, որ դեմ է Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը։

«Այդ պարագայում հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային տրամադրությունն այդպիսին լինի», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո իր լավատեսությունն աճել է, և մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին։

Կառավարությունը հոկտեմբերի սկզբին հավանություն էր տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին, որով նախատեսվում է հաջորդ տարի ծախսել շուրջ 4,1 տրիլիոն դրամ՝ մոտ 11,1 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ծախսերը կաճեն ավելի քան 12 տոկոսով, իսկ բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 1,29 միլիարդ դոլար։