Հերքում և 999 դրամի փոխհատուցման պահանջ․ Արշակ արքեպիսկոպոսի հայցը Ստեփան Ասատրյանի դեմ

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված հայտարարությունները։

Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արշակ արքեպիսկոպոսը պահանջում է դատարանին պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հրապարակայնորեն հերքել իրա վերաբերյալ «իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն հանդիսացող տվյալները», որոնք նա հնչեցրել է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում:

Կարգալույծ արված նախկին հոգևորականը Հանրայինի եթերում հայտարարել էր. «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կենակցել էր իր քեռու կնոջ հետ: Որևէ մեկ ժողով չեղավ, որ քննարկեն այդ անձնավորության հարցը: Գիտե՞ք՝ կաթողիկոսն ինչ ասաց. «եթե ես Արշակ արքեպիսկոպոսին հեռացնեմ, եկեղեցին կքանդվի»:

Հերքումը, ըստ հայցի, պետք է հրապարակվի Հանրային հեռուստաընկերության եթերում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։

Բացի այդ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պահանջում է նաև հօգուտ իրեն բռնագանձել 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Հայցը մակագրվել Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։

2025 թվականին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութ էր տարածվել համացանցում: Արքեպիսկոպոսը հերքել էր դրանց իսկությունը։ Քննչական կոմիտեն հետագայում հայտնել էր, թե փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն է, մինչդեռ նրա փաստաբանը այս փետրվարին հայտարարել էր, որ արտասահմանյան փորձագետների եզրակացություններով տեսանյութը գեներացվել է արհեստական բանականության կողմից։