Ուկրաինայի Չեռնիգովի քաղաքի կենտրոնին ռուսական ավիահարվածի հետևանքով 15-ամյա երկու աղջիկ է սպանվել, վիրավորվել է 25 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հայտնել է շրջանային ռազմական վարչության ղեկավար Վյաչեսլավ Չաուսը Telegram-ի իր ալիքում:
Ռուսական զինուժն օգտագործել է Banderol (S8000) թևավոր հրթիռներ և ռեակտիվ շարժիչով գրոհային անօդաչու թռչող սարքեր:
«Երկու երեխա՝ եղբայր և քույր, ծանր վիճակում են։ Ընդհանուր առմամբ, ութ մարդ ներկայումս հոսպիտալացված է։ Մնացածը տեղում ստացել են բժշկական օգնություն կամ ամբուլատոր բուժում են ստանում», - գրել է պաշտոնյան։
«Դա հարձակում էր սովորական փողոցի վրա։ Տներ, խանութներ և մեքենաներ են վնասվել»,- Չեռնիգովի վրա հարձակման վերաբերյալ Telegram-ում մեկնաբանել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ հավելելով, որ որևէ ռազմական օբյեկտ տարածքում չկար:
Հոկտեմբերի 30-ը Չեռնիգովում սգո օր է հայտարարվել։
Կրեմենչուկում, ըստ Ուկրաինայի փրկարար ծառայության, ռուսական հարձակման հետևանքով երեկ զոհվել է երեք բնակիչ, ևս 25-ը վիրավորվել են։
Զապորոժիեում վիրավորվել է երկու տղամարդ: Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն։ «Թշնամու հարվածների պատճառով հրդեհվել է չորս մեքենա և բաց տարածք։ Վնասվել է նաև պահեստային շենք, չորս մեքենա և չորս ավտոբուս», - հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ավելի ուշ ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան «ռուսական հրթիռը հարվածել է Խարկովի Սլոբիդսկի շրջանին»։ «Պայթյունը հրդեհներ է առաջացրել արդյունաբերական շենքում և հարակից տարածքում։ Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 400 քառակուսի մետր», - նշվում է հաղորդագրությունում։ Մեկ այլ վայրում տարբեր նյութերի մնացորդներ են այրվել 80 քառակուսի մետր տարածքի վրա։ Վնասվել է նաև երկու բեռնատար։
Կիևը, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, երեկոյան ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման թիրախ է դարձել։ Կլիչկոյի խոսքով՝ Դարնիցկիի շրջանում հարվածներ են հասցվել պահեստային շենքերին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
«Դնեպրովսկի շրջանում բնակելի համալիրի բակում այրվում են հրթիռային բեկորներ», - ասվում է սոցցանում նրա արած գրառման մեջ: «Մեկ այլ հասցեում պայթյունի ալիքը կոտրել է բնակելի շենքի պատուհանները։ Դնեպրովսկի շրջանի մեկ այլ հասցեում վնասվել են բնակելի շենքի պատուհանները և բակում գտնվող մեքենաները», - նշել է Կլիչկոն։
Դնեպրովսկի շրջանում, որտեղ հրթիռի բեկորներն ընկել են բնակելի համալիրի մոտ, խանութի շենքը մասամբ ավերվել է, ավելի ուշ պարզաբանել է նա։
Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։