Թե «Քաղաքացիական պայմանագրը»-ը, թե «Հանրապետությունը» մտադիր են քաղաքապետի թեկնածու առաջադրել Եղեգնաձորում:
Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով այս համայնքում 3 ուժ էր անցել՝ ՔՊ-ն, «Հանրապետությունն» ու «Նոր դարաշրջան» կուսակցությունը, բայց ոչ մեկին չէր հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը:
ՔՊ-ը Հանրապետությունից 189 ձայն էր ավելի ստացել, բայց երկու ուժերն էլ հավասար թվով՝ 13-ական անդամներ կունենան ավագանիում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ-ն 50+ տոկոս չի ստացել 19 համայնքից միայն 2-ում, դրանցում էլ սկսել է բանակցելԻշխող ուժի ցուցակը գլխավորում է Արենիի համայնքապետը՝ Հուսիկ Սահակյանը, «Հանրապետությանը»՝ Եղեգնաձորի գործող ղեկավարը՝ Դավիթ Հարությունյանը:
Սահակյանի խոսքով՝ ավագանու առաջին նիստը նոյեմբերի 11-ին կանցկացվի, ինքը ծրագրում է առաջադրել իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում:
«Արենին փոքր համայնք է, ի տարբերություն Եղեգնաձորի, փոքր համայնքի ղեկավարը հաղթել է մեծ համայնքի գործող ղեկավարին: Եթե ես լինեի, մի ձայնի տարբերություն էլ լիներ, հաստատ ոչ էլ կպայքարեի քաղաքապետի համար»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Հուսիկ Սահակյանը՝ պնդելով՝ ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության հետ չունի պայմանավորվածություն, որ երբ ինքն առաջադրվի, իրեն կընտրեն:
«Հանրապետության» քաղխորհրդի անդամ Ռոմիկ Մխիթարյանն ասաց՝ իրենց ցուցակը գլխավորող Դավիթ Հարությունյանն էլ կառաջադրվի քաղաքապետի թեկնածու:
Եթե երկու թեկնածուներն էլ առաջադրվեն, ավագանու մեկ անդամ ունեցող «Նոր դարաշրջանի» դիրքորոշումից կախված կլինի՝ ո՞վ կդառնա Եղեգնաձորի նոր քաղաքապետը:
Այս ուժը «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքով է մասնակցել խորհրդարանական ընտրությանը, նրա անդամներից պատգամավոր Հարություն Հարությունյանը դեռ չբացեց փակագծերը՝ ինչպե՞ս կդիրքավորվեն, ասաց՝ «քննարկումների մեջ» են:
Կիրակի կայացած ընտրություններում ՔՊ-ն 50+ ձայն չէր ստացել միայն Ստեփանավանում և Եղեգնաձորում: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ստեփանավանում հաղթած «Գործարարը» և ՔՊ-ն միասնաբար իշխանություն կձևավորեն՝ քաղաքապետ ընտրելով «Գործարարի» թեկնածու Արմեն Գրիգորյանին: Նա արդեն դիմում է գրել, որ ընտրությունների ընթացքում ՔՊ-ում սառեցված իր անդամությունը ապասառեցվի: