Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ կհատկացնի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի՝ մոտ 13,3 միլիարդ դոլարի աջակցություն կտրամադրի։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմի հետ հեռախոսազրույցից հետո։

Ըստ Զելենսկու՝ այդ գումարից 7 միլիարդ ֆունտը կուղղվի Ուկրաինայի տնտեսության աջակցությանը, իսկ մնացած 3 միլիարդը՝ բրիտանական արտահանման ֆինանսավորմանը, առաջին հերթին՝ սպառազինության ձեռքբերմանը։

Այս միջոցները կտրամադրվեն ի հավելումն այն աջակցության, որը Լոնդոնն ամեն տարի հատկացնում է Կիևին։

«Սա իսկապես ուժեղ և շատ ժամանակին արված քայլ է, հենց այն պահին, երբ Ռուսաստանը պետք է տեսնի ու զգա, որ Ուկրաինան մենակ չի մնալու այն խնդիրների առաջ, որոնք Մոսկվան ամեն կերպ փորձում է խորացնել», - գրել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր քայլ Ռուսաստանին մոտեցնում է պատերազմն ավարտելու անհրաժեշտության գիտակցմանը։

Ավելի վաղ բրիտանական The Guardian-ը գրել էր, որ նոյեմբերի 20-ին Բրյուսելում նախատեսված Եվրամիություն-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովում եվրոպական առաջնորդները պատրաստվում են Լոնդոնին կոչ անել ավելացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ Ըստ պարբերականի՝ Եվրամիությունը մտադիր է նույն հարցով դիմել նաև Ճապոնիային ու Կանադային։