Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը դատարանում, 10-ը սեպտեմբերի, 2026թ.

Հակակոռուպցիոն դատարանը սկսել է քննել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը:

Նախկին ազդեցիկ պաշտոնյան կալանավորվել էր սեպտեմբերին, ԱԱԾ-ականները Խաչատրյանին ձերբակալեցին տնից՝ պատգարակի վրա:

Խաչատրյանին դատարան են բերում պատգարակով՝ բժիշկների ու ոստիկանների ուղեկցությամբ, նա ամբողջ ընթացքում «ախ» է քաշում ու չի խոսում:

Գագիկ Խաչատրյանին դատում են 2019 թվականից, նա այն ժամանակ իր ոտքով էր գալիս դատարան, հետո սայլակով, վերջերս էլ պատգարակով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խոշտանգո՞ւմ, թե՞ բեմադրություն. ինչո՞ւ Գագիկ Խաչատրյանին թույլ չեն տալիս մեկնել վիրահատության արտերկիր

Մինչև 2025 թվականը փորձագետները պնդում էին, որ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, որն անհնար է անել Հայաստանում։ Այս տարի, սակայն, պետության նշանակած նույն մասնագետները հակառակ եզրակացությունն են տվել՝ նշելով, թե վիրահատության կարիք չկա, եթե կա էլ, ապա դա հնարավոր է անել Հայաստանում: Նախկինների ապօրինի կուտակած հարստությունը պետությանը վերադարձնելու խոստում տված վարչապետ Փաշինյանն անձամբ է պնդել, թե Խաչատրյանը «սիմուլյանտ» է, ով փորձում է խուսափել արդարադատությունից:

Ժամանակին «սուպերնախարար» անունը ստացած Խաչատրյանը մեղադրվում է ծանր կոռուպցիոն հանցանքների՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության, փողերի լվացմանը հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու համար: Խաչատրյանը և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով են անցնում: