Ստեփանավանում հաղթած «Գործարար» կուսակցությունը և «Քաղաքացիական» պայմանագիրը միասին կձևավորեն տեղական իշխանությունը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է, որ «նախապես ձեռք բերված պայմանավորվածության» համաձայն՝ ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ կաջակցի գործող քաղաքապետ, «Գործարար»-ի ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանին:
Արեն Մկրտչյանը չի հստակեցրել, թե ե՞րբ են ձեռք բերել այդ պայմանավորվածությունը՝ ընտրություններից առաջ, երբ ՔՊ-ական Արմեն Գրիգորյանը այլ կուսակցության ցուցակով մասնակցեց կիրակի օրվա տեղական ընտրություններին, թե ընտրություններից հետո:
«Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»», - գրել է մարզպետը:
Մկրտչյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանն ընտրական տեխնիկական պահանջների պատճառով «ստիպված է եղել» ժամանակավորապես սառեցնել անդամակցությունը ՔՊ-ին, սակայն այն վերականգնելու համար արդեն դիմում է ներկայացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ-ն 50+ տոկոս չի ստացել 19 համայնքից միայն 2-ում, դրանցում էլ սկսել է բանակցելԿիրակի կայացած ընտրություններում Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չէր հաղթել: Այդտեղ ամենաշատ ձայները ստացել էր «Գործարար» կուսակցությունը՝ 42.20 տոկոս, իսկ ՔՊ-ն 34.69 տոկոսով երկրորդ տեղում է։ Նրանց ստացած ձայների հանրագումարը 76.89 տոկոս է։
Ընտրություններին առանձին մասնակցած երկու ուժերը միասին կունենան ավագանու 21 մանդատներից 17-ը՝ ապահովելով մեծամասնություն, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» 4 տեղ կունենա ավագանիում։
Դեռ պարզ չէ Եղեգնաձորի հարցը, որտեղ ՔՊ-ն և «Հանրապետությունը» գրեթե հավասար ձայներ են ստացել, և համայնքի իշխանության ձևավորման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։
Ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բոլոր 19 համայնքներում հաղթել են ՔՊ-ն կամ իշխանամետ թեկնածուները՝ արդյունքները որակելով «ջախջախիչ հաղթանակ»։ Միաժամանակ նա խոստովանել էր, որ «ամենևին էլ երջանիկ չէ» մի շարք համայնքներում ՔՊ-ի ստացած 70-ից 96 տոկոսանոց արդյունքներով՝ նշելով, որ նման բարձր ցուցանիշներն ավտորիտարիզմի և բռնապետության հետ ասոցիացիաներ են առաջացնում։