Մեղադրանք է առաջադրվել 2 խոշոր գործարարների՝ «88» ցանցի սեփականատիրոջ ու «Սպայկայի» տնօրենի նկատմամբ

Գործարարներ Դավիթ Ղազարյան, Նարեկ Նալբանդյան

Քրեական վարույթի շրջանակում դատախազը քրեական հետապնդում է հարուցել երկու խոշոր գործարարների՝ Նարեկ Նալբանդյանի ու Դավիթ Ղազարյանի նկատմամբ:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ Նալբանդյանի նկատմամբ վարույթը հարուցվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության, իսկ Ղազարյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և առանձնապես խոշոր չափերով շորթման համար։ Թե որ ոլորտում և ինչ հակամրցակցային գործունեություն են ծավալել այս գործարարները, դատախազությունը չի բացահայտում: Պարզ չէ նաև, թե ինչ խափանման միջոց է ընտրվել կամ ընտրվելու նրանց նկատմամբ: Հակամրցակցային գործունեության հոդվածով 3-6 տարվա ազատազրկում է սահմանված, խոշոր չափերով շորթման համար՝ 6-12 տարվա:

Նարեկ Նալբանդյանին է պատկանում «88» սուպերմարկետների ցանցը և բազմաթիվ այլ բիզնեսներ։ 2018-ի հեղափոխությունից հետո լուրջ բիզնես առաջխաղացում ունեցած և նախկիների «ապօրինի գույքերի» ձեռքբերմամբ հայտնի Նալբանդյանի անունը մամուլում հաճախ էր կապվում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Այդ լուրերից զայրացած վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ իրավապահներին հանձնարարել էր վարույթ նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ: Առայժմ պարզ չէ, թե ինչ են պարզել իրավապահները Փաշինյանի հանձնարարության հետքերով:

Դավիթ Ղազարյանը բեռնափոխադրումներով ու գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող «Սպայկա» ընկերության ղեկավարն է: Հայաստանի ամենամեծ ագրոհոլդինգն անցած տարի խնդիրների էր բախվել Ռուսաստանում: Գյուղմթերքով բեռնված 100-ից ավելի բեռնատարները արգելանքի տակ էին վերցվել՝ ենթադրաբար հարկերից խուսափելու համար: Ընկերությունը հերքել էր այդ լուրերը:

ՊԵԿ-ի վերջին տվյալներով՝ «Սպայկան» այս տարի Հայաստանից գյուղմթերքի արտահանման ռուսական սահմանափակումների ֆոնին վճարած հարկերը նվազեցրել է։ Ֆերմերների արտադրանքի արտահանումը կազմակերպող ընկերությունը այս տարվա 9 ամիսներին պետբյուջե է վճարել 3 մլրդ 679 մլն դրամ։ Անցած տարվա 9 ամիսների համեմատությամբ անկումը 13.3 տոկոս է՝ ավելի քան 500 մլն դրամ։