«Մենք չենք ուզում, որ ՔՊ-ն միակ ուժը լինի», - այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ պետականամետ ընդդիմության անհրաժեշտության մասին հայտարարությանը։
Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմության խնդիրը կա դեռ 2018 թվականից, երբ, նրա գնահատմամբ, ընդդիմադիր դաշտը զբաղեցրին նախկին «ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչները»։ ԱԺ նախագահը պնդել է, թե այդ ուժերը կա՛մ փորձում են պաշտպանել «իրենց գողոնը», կա՛մ առաջ են տանում «Հայաստանն այլ պետության կազմ մտցնելու օրակարգը»։
«Մենք ուզում ենք, որ ձևավորվի բազմակուսակցական ժողովրդավարական համակարգ, բայց Հայաստանին լոյալ», - ընդգծել է Ռուբինյանը։
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ուրախ չէ մի շարք համայնքներում ՔՊ-ի ստացած 70, 80 և նույնիսկ 90 տոկոսից ավելի ձայներով, քանի որ նման արդյունքներն ավտորիտարիզմի ու բռնապետության տպավորություն են ստեղծում։
Վարչապետը խոսել էր պետականակենտրոն ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունից՝ նշելով, որ այդ հարցը քննարկում է տարբեր ձևաչափերով։
Ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր մի շարք գործիչներ ձերբակալվել էին։ Ընդդիմությունը պնդում էր, թե իշխանություններն այդ կերպ փորձում են խոչընդոտել իրենց մասնակցությանը ընտրություններին, մինչդեռ իշխանությունները հերքում էին քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ-ն 50+ տոկոս չի ստացել 19 համայնքից միայն 2-ում, դրանցում էլ սկսել է բանակցելՀոկտեմբերի 25-ին ընտրություններ էին անցկացվել 19 համայնքներում։ Դրանցից 17-ում ՔՊ-ն կամ նրան աջակցող ուժերը ստացել են ձայների կեսից ավելին, իսկ Ստեփանավանում և Եղեգնաձորում իշխանության ձևավորման շուրջ բանակցություններ են ընթանում։