Ուղղորդումների մասին ահազանգեր Ստեփանավանում ու Արթիկում

Ստեփանավանի գյուղական բնակավայրերից ահազանգեր կան, որ վարչական ղեկավարները գտնվում են ընտրատեղամասերի տարածքում և ուղղորդում ընտրողներին:

«Ազատությունն» արձանագրեց, որ Վարդաբլուր գյուղում հենց ընտրատեղամասի դիմաց առավոտից կանգնած է վարչական ղեկավար Հակոբ Վարդանյանի ավտոմեքենան: «Ազատությանը» տեսնելուն պես, սակայն, նա լքեց տարածքը, սակայն նրա ավտոմեքենան դեռ կայանած է ընտրատեղամասի մոտ:

«Ազատությանը» դեռ չի հաջողվել հանդիպել վարչական ղեկավարի հետ, որն ըստ դիտորդների ու վստահված անձանց, առավոտից եղել է ընտրատեղամասի մոտ, ակտիվ շփվել ընտրողների հետ:

Ընտրական տեղամասը տեղակայված է գյուղապետարանի առաջին հարկում:

Ուղղորդման մասին այսօր հայտնել է նաև Արթիկի թիվ 33 ընտրատեղամասում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձը: Նա նկատել է ՔՊ լիազորված անձի կողմից քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազորված անձը քաղաքացիներին դրսից ուղղորդում է դեպի ներս՝ արդեն ներսում ընթանում է առաջ ուղղորդելը իրենց որոշման կայացման համար», - ասաց նա:

«Ազատ դեմոկրատներ»-ի վստահված անձը հայտնեց, որ եղել են նաև իրեն ահաբեկելու դեպքեր. «Որ ընտրություններից հետո Դուք Ձեր հալը կտեսնեք»:

«Հանձնաժողովի նախագահը ֆիքսել է, տվել է համապատասխան հրահանգներ, սակայն անձը չի հանգստացել. «Նորից փորձել է շանտաժի լեզվով ինձ հետ խոսել»:

«Նույնիսկ չէին ուզում ֆիքսել խախտումը, որին ես ականատես էի եղել, բայց ստիպեցի, միգուցե խնդրանքով, որ այդ փաստը ֆիքսված լինի գրանցամատյանների մատյանում», - նշեց Սեդա Վարագյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. մի շարք համայնքներում ճնշումների, ուղղորդումների մասին ահազանգեր կան (լրացվող)