Տարածքային կառավարման փոխնախարար Նարեկ Ապիտոնյանն ու ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնը Երևանում քննարկել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը: Պաշտոնական հաղորդագրությունում այս հարցի շուրջ այլ մանրամասներ չկան, պարզ չէ՝ ամերիկյան կողմն արդյոք էներգաբլոկի կառուցման առաջարկ է ներկայացրել:
Երևանի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հեռանկարները։
Փոխնախարար Ապիտոնյանը նշել է, որ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն արդեն գլխավոր տնօրենի պաշտոնակատար ունի [խմբ. - երեկ այդ պաշտոնում նշանակվել է Գարիկ Նալբանդյանը] և հույս է հայտնել, որ այդ նշանակումը նոր թափ կհաղորդի Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքներին, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությանը։
Մեծամորի ատոմակայանի շահագործման ավարտին տասը տարուց էլ քիչ է մնացել, և դատելով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններից՝ Երևանը, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ հակված է ոչ թե փոքր մոդուլային, այլ մեծ ռեակտորով նոր ատոմակայանի կառուցմանը:
Սեպտեմբերի վերջին «Ռոսատոմ»-ի ղեկավարը Երևան կատարած այցի ընթացքում ներկայացրել էր ВВЭР-1000 բլոկի կառուցման առաջարկը: ВВЭР-1000-ը ջրով սառեցվող ջրային ռեակտոր է (Водо-водяной энергетический реактор)՝ 1000 ՄՎտ նոմինալ էլեկտրական հզորությամբ:
Երևանում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ռուսական կողմը պնդում է, թե «Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստացել նոր ներգաբլոկի կառուցման իր առաջարկի վերաբերյալ:
Պաշտոնական Երևանը, սակայն, դեռ չի հստակեցնում, որ երկրի առաջարկին նախապատվությունը կտա: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։