Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են արել Բրյուսելում Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի կենտրոնակայանների դիմաց և պահանջել ԵՄ հաստատությունների աջակցությունը՝ 4000 անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում, հայտնում է Euronews-ը:
Ակցիան կազմակերպել է «Ղարաբաղում անհետ կորածների ընտանիքների հասարակական միությունը»: Ցուցարարները կոչ են արել ԵՄ կառույցներին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ արխիվային տեղեկատվությունը և զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերը բացահայտելու համար:
Euronews-ը նշում է, որ վերջերս Ղարաբաղում 32 զանգվածային գերեզմանների հայտնաբերումից հետո ցուցարարներն ասել են, որ պատերազմից 30 տարի անց ճշմարտությունն իմանալու իրենց իրավունքը պահանջում է միջազգային ուշադրություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը Հայաստանից պահանջում է տեղեկություններ անհետ կորածների մասին, Երևանն արձագանքում է
Նրանք ասել են, որ խումբը միջազգային ճանաչում կամ օգնություն չի ստացել իրենց հարազատներին գտնելու համար։ Ընտանիքները նշել են, որ «Հայաստանը որևէ տեղեկություն չի բացահայտել անհետ կորած անձանց մասին», սակայն հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը կարող է լույս սփռել իրենց հարազատների ճակատագրի վրա և կօգնի հասնել հարցի լուծմանը։
Ակցիայի մասնակիցները հագել էին սպիտակ բաճկոններ, որոնցից յուրաքանչյուրի վրա տպագրված էր իրենց կորած հարազատի նկարը, ծննդյան ամսաթիվը և հարցական նշան, որը խորհրդանշում է նրանց անհայտ ճակատագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է անհետ կորածների և Ադրբեջանում բանտարկված հայերի մասին«Ամուսինս՝ Ազադ Ջաբարովը, անհետ կորել է Խոջալուում, և 34 տարի մենք նրա մասին ոչինչ չգիտենք: Եվ այստեղ ես ներկայացնում եմ նրան և անհետ կորած ավելի քան 4000 մարդկանց և պահանջում եմ արդարադատություն նրանց համար և տեղեկատվություն», - ասել է ակցիայի մասնակից Ֆարիդա Ջաբարովան։
Ակցիայի ժամանակ նրանք նաև ցուցադրել են անհետ կորածների անձնական իրեր, այդ թվում՝ անձնագրեր, լուսանկարներ և հագուստ։
«Ղարաբաղում անհետ կորածների ընտանիքների հասարակական միության» ղեկավար Քոնուլ Բեհբուդովայի խոսքով՝ ԴՆԹ հետազոտությունների միջոցով նույնականացվել է 328 անհետ կորած անձ, իսկ 273 զոհերի մնացորդները հանձնվել են նրանց ընտանիքներին, սակայն հազարավորների ճակատագիրը դեռևս անհայտ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հուսահատ ենք, օգնեք». անհետ կորածների, զոհվածների հարազատները հանդիպեցին ընդդիմադիր պատգամավորներին«Այդ տարածքները պատված են ականներով և չպայթած զինամթերքով, այդ պատճառով դժվար է դրանք գտնել», - ասել է Բեհբուդովան։
«Մեր նպատակն է գտնել այն վայրերը, որտեղ թաղվել են այս մարդիկ, գտնել ցանկացած տեղեկություն նրանց ճակատագրի մասին, ստանալ նրանց աճյունները և հուղարկավորել դրանք, ինչպես նաև գերեզմանատանը տեղ ունենալ նրանց այցելելու համար», - հավելել է Ջաբարովան։
Արցախյան առաջին պատերազմի հետևանքով հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 770-ից 1000 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։