Նեթանյահուն հայտարարել է, որ բանակին հանձնարարել է «տապալել Իրանի իշխանությունը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի բանակին, «Մոսադ» հետախուզական ծառայությանն ու անվտանգության մարմիններին հանձնարարել է հասնել Իրանում գործող իշխանության տապալմանը։

Իսրայելական բանակի սպայական դասընթացի շրջանավարտների արարողության ժամանակ Նեթանյահուն պնդել է, որ Իրանը կրկին փորձում է միջուկային զենք ստեղծել՝ սպառնալիք ներկայացնելով Իսրայելի գոյությանը։

«Այս սպառնալիքը մեկընդմիշտ վերացնելու միայն մեկ ճանապարհ կա՝ տապալել Իրանի վարչակարգը։ Հենց այդպիսի հանձնարարական եմ տվել Իսրայելի պաշտպանության բանակին, «Մոսադին» և անվտանգության մարմիններին», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս համակարծիք է իր հետ։ Նա պնդել է, թե օրեր առաջ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ավարտին հասցնել սկսածը, սակայն դա կանի Իսրայելի հետ համատեղ։

Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «դասեր չի քաղել» տեղի ունեցածից և շարունակում է հոր քաղաքականությունը։

Վաշինգտոնից դեռ չեն արձագանքել Նեթանյահուի հայտարարություններին։