Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը TRIPP-ի ենթակառուցվածքների նկատմամբ. Միրզոյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը։ Նիստի օրակարգում է նաև Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցը։

Զեկույցով այժմ հանդես է գալիս արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս փաստաթղթում «ինքնիշխանություն» բառը կիրառված է 8 անգամ», - շեշտեց Միրզոյանը՝ նշելով, որ համաձայնագրով վերահաստատվում է Հայաստանի ինքնիշխանությունը TRIPP-ի ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։

«Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը իր սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք»,- հավելեց Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը շարունակում է պատասխանատու մնալ անվտանգության ապահովման, իրավապահ գործունեության, սահմանային անվտանգության, ինչպես նաև մաքսային և միգրացիոն հսկողության համար։

Միաժամանակ նախարարը նշեց, որ կարող են ունենալ «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» սկզբունքով ծառայությունների մատուցում բոլոր այն քաղաքացիների և բեռների համար, որոնք կանցնեն այս ենթակառուցվածքներով։ Համաձայն այս մոդելի՝ հնարավոր ծառայություններ կարող են պատվիրվել մասնավոր օպերատորների կողմից, և կարող են մատուցվել քաղաքացիների հետ անմիջական շփում պահանջող սպասարկման ծառայություններ։

«Իհարկե, ինչպես ցանկացած ընկերություն, կարող են ունենալ իրենց անվտանգային ստորաբաժանումները», - նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ դրանք պետք է լիցենզավորված լինեն Հայաստանում։

Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր հայ-ամերիկյան համաձայնագիրն ու ուղարկել Սահմանադրական դատարան, որն էլ մի քանի ժամ տևած քննությունից հետո որոշել էր, որ փաստաթուղթը չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը։

Համաձայնագրով Երևանն ու Վաշինգտոնը նախատեսում են ստեղծել TRIPP զարգացման համատեղ ձեռնարկություն, որտեղ առաջին 49 տարում Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։ Եթե համագործակցությունը երկարաձգվի ևս 50 տարով, Հայաստանի բաժնեմասը կհասնի 49 տոկոսի։

Սյունիքով անցնող «Թրամփի ուղով» Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է լինի անխոչընդոտ՝ թվային գործիքների կիրառմամբ։ Երևանն ու Վաշինգտոնը միաժամանակ պնդում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։