Երևանի ավտոբուսներից մեկում կնոջը վիրավորած և նվաստացրած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում վիրավորում և նվաստացնում կողքին նստած կնոջը, ով ակներևաբար վախեցած ու շփոթված էր: Միջադեպին միջամտել էր նաև ուղևորներից մեկը, ինչից հետո վիճաբանություն էր սկսվել։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնում է, որ միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:
Ոստիկանությունը երեկ հայտնել էր, որ առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։