Վարչապետն ազատել է արարողակարգի պետին. ինչո՞ւ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Սադիր Ժապարովը բանակցություններից հետո հանդես են գալիս հայտարարություններով, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին:

Փաշինյանը բոլորովին վերջերս՝ օգոստոսի 28-ին էր վերանշանակել Վանոյանին այդ պաշտոնում: Ծառայության պետի պաշտոնում նա նշանակվել էր մոտ չորս տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերին:

2 օր առաջ՝ հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին ու իր ելույթում նրան սխալմամբ անվանել Ղազախստանի նախագահ:

«Նախ և առաջ ցանկանում եմ կրկին ողջունել Ղազախստանի նախագահ Սադիր Ժապարովին Հայաստանում»,- թղթից կարդալիս ասել էր Փաշինյանը:

«Ազատությանն» առայժմ չի հաջողվել պարզել՝ ո՞րն է Վանոյանի պաշտոնանկության պատճառը և արդյոք կապ ունի այս վրիպակի հետ: Կառավարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան, փոխանցել են, որ չեն մեկնաբանում վարչապետի որոշումը:

Your browser doesn’t support HTML5

Ղրղզստանի փոխարեն Ղազախստան. Վարչապետ Փաշինյանը սխալվում է՝ բարձրաստիճան հյուրին ողջունելիս

«Լուրջ պատճառ էր պետք»

Պետական արարողակարգի ծառայությունը 6 տարի՝ 2000-2006 թ.թ ղեկավարած Վահագն Մելիքյանն ասում է՝ եթե Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի՝ COP 17-ի «թոհուբոհի» ընթացքում պաշտոնանկ է արվում արարողակարգի ծառայության պետը, ուրեմն դրա համար պետք է շատ լուրջ պատճառ լինի:

Մելիքյանը շուրջ երեք տասնամյակ աշխատել է արտգործնախարարությունում և ժամանակին նաև ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնն է զբաղեցրել: «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ թեև ինքը պաշտոնանկության պատճառների մասին տեղեկություն չունի, բայց «եթե նույնիսկ ինչ-որ սխալներ են լինում, սովորաբար սպասում են պաշտոնական միջոցառման ավարտին, որից հետո փորձում հասկանալ, թե ինչ խնդիրներ են առաջացել»:

«Վերջին 8 տարիներին՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուներից սկսած մինչև արտաքին գործերի նախարարություն, շատ ազատումներ են եղել: Եվ այդ բոլոր ազատվածները պրոֆեսիոնալ դիվանագետներ են եղել: Հիմա արդյո՞ք այդ դիվանագետներ են մեղավոր, թե՞ նրանց ազատողը, որ արարողակարգից գաղափար չունի»,- ասում է Մելիքյանը:

Ինչ վերաբերում է պաշտոնանկ արված Գագիկ Վանոյանին, ապա նա, Վահագն Մելիքյանի տեղեկություններով, դիվանագետ չէ: Պետական պահպանության ծառայությունից եկել է Արարողակարգի ծառայություն:

Մինչդեռ Պետական արարողակարգի ծառայություն պետը, ըստ Մելիքյանի, «պարտադիր պետք է լինի պրոֆեսիոնալ, ճանապարհ անցած դիվանագետ, մի քանի լեզու իմանա, տիրապետի բանակցային հմտություններին, դեսպանի պաշտոնում աշխատելու փորձառություն ունենա, քանի որ հենց Արարողակարգի ծառայության ղեկավարն է առաջին դիմավորում, ինչպես նաև ուղեկցում Հայաստան ժամանած տարբեր երկրների նախագահներին և բարձրաստիճան հյուրերին»: