ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը․ Զելենսկի

Մի քանի օր տևած ընդմիջումից հետո Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային ռուսական բալիստիկ հրթիռների վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանցումը, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Հիմա ամեն ինչ աշխատում է», - ասել է նա՝ նշելով, որ խնդիրը լուծվել է։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, եթե Ուկրաինան չդադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։

Հոկտեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահը նաև դժգոհել էր, որ դաշնակիցները Կիևին չեն նախազգուշացրել ռուսական բալիստիկ հրթիռներով հարձակման մասին։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը հրթիռները հայտնաբերել էին միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն մոտենում էին մայրաքաղաքին։

Վաշինգտոնը հետախուզական տվյալների բացակայությունը բացատրել էր եղանակային վատ պայմաններով։ Թրամփը, մինչդեռ, պնդել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տեղեկություններ տրամադրել Ուկրաինային։

Հոկտեմբերի 15-ին Զելենսկին հայտարարել էր նաև ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին։ Նրա խոսքով՝ Կիևը ժամանակավորապես դադարեցրել էր դրանք՝ ընդառաջելով Վաշինգտոնի պահանջին, սակայն այդ ընթացքում Ռուսաստանը շարունակել էր հարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։