Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զոհեր և վիրավորներ

Կանադայի Ալբերտա նահանգի Ուեյնրայթ ռազմական բազայում խոշոր հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դեյվիդ Մաքգինթին՝ չհստակեցնելով նրանց թիվը։

Վարչապետ Մարկ Քարնին միջադեպը լուրջ է որակել՝ նշելով, որ դաշնային կառավարությունը սերտորեն համագործակցում է նահանգային և տեղական իշխանությունների հետ։ Հրդեհի առաջացման պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել է՝ անցնելով ռազմական բազայի ցանկապատից դուրս։ Հրշեջներն ու արտակարգ ծառայությունները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներ և այլ շինություններ։

Ալբերտայի նահանգապետ Դանիել Սմիթը տեղի ունեցածը ողբերգական է անվանել՝ նշելով, որ հրդեհից տուժել են բազմաթիվ զինծառայողներ։

Ուեյնրայթ ռազմական բազան գտնվում է Ալբերտայի մայրաքաղաք Էդմոնտոնից շուրջ 180 կիլոմետր հարավ-արևելք և Կանադայի ամենաակտիվ ռազմական ուսումնական կենտրոններից մեկն է։