Բողոքի ցույցեր Ֆրանսիայում․ կես միլիոն մասնակից, ավելի քան հազար ձերբակալված

Ֆրանսիայում կենսապայմանների թանկացման դեմ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։ Արհմիությունների տվյալներով՝ ցուցարարների թիվը հասել է 800 հազարի։

Բողոքի ակցիաները, որոնք Ֆրանսիայում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, շաբաթ օրը մի շարք քաղաքներում վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի փոխանցմամբ՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 1200 մարդ, վիրավորվել՝ 150 ոստիկան։

Փարիզում, Լիոնում և Ստրասբուրգում իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Մայրաքաղաքում բախումներն ուղեկցվել են խանութների թալանով, իսկ Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, վնասել խանութներ և փորձել մտնել ոստիկանական բաժանմունք։

Լիմոժում ցուցարարները հրկիզել են շուրջ 140 տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի շենքը, որի աշտարակը հրդեհի հետևանքով փլուզվել է։

Ցույցերի մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցել է իշխանությունների կանխատեսումները։ Նախապես սպասվում էր շուրջ 40 հազար ցուցարար Փարիզում և ևս 150 հազար՝ երկրի մյուս շրջաններում։

Բախումների ֆոնին Ֆրանսիայի կառավարությունը շաբաթ երեկոյան արտակարգ խորհրդակցություն է անցկացրել։ Վարչապետ Լըկորնյուն անկարգությունների համար մեղադրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին՝ հայտարարելով, որ իշխանությունները թույլ չեն տա բռնության միջոցով քաղաքական օրակարգ պարտադրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են

Բռնությունները դատապարտել է նաև նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Մեր հանրապետությունում բռնության համար տեղ չկա։ Նրանք, ովքեր ավերածություններ են իրականացրել, հարձակվել պետական կառույցների ու խանութների վրա, թալանել անգամ քաղաքապետարանները, պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն», - գրել է Մակրոնը X-ում։

Կենսապայմանների թանկացման դեմ շաբաթ օրը բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։ Բրյուսելում ու Միլանում ևս բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։