Փաշինյանը խոսում է հանքարդյունաբերությունը բաց բաժնետիրական ոլորտ դարձնելու մասին

Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիներն այն իրենցը համարեն, և ոլորտը օտարության ու շահագործման տպավորություն չթողնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ ոլորտում մեծ հնարավորություններ կան, բայց նաև մարտահրավերներ, որոնցից մեկը բնապահպանական չափանիշների պահպանումն է։ Նա ընդգծել է, որ այս հարցն ավելի արդիական է դառնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

«Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն՝ օտարության, կներեք կոպիտ բառի համար, շահագործման տպավորություն չթողնի ոլորտը», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ ոլորտի նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվում է, երբ քաղաքացիներն իրենց ավելի ներգրավված են զգում և տեսնում են հանրային շահը։

«Մենք նաև նկատել ենք՝ որքան հանրությունն իրեն ներգրավված է համարում, այնքան ընկալումը դառնում է պոզիտիվ։ Վերջին տարիներին մենք այս հարցով քայլեր ենք ձեռնարկել, բայց դրանք ինստիտուցիոնալ չեն։ Մի քանի հանքարդյունաբերական ընկերություններում ՀՀ կառավարությունն ունի մասնաբաժին, բայց դա մեր պատկերացրած մոտեցումը չէ։ Դրանք, ըստ էության, իրադրությունից բխող քայլեր են եղել, բայց այստեղ շատ կարևոր է ինստիտուցիոնալ մոտեցում իրականացնել», - նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ այդ մոտեցումը պետք է լինի հանքարդյունաբերական ընկերությունների բաց բաժնետիրացումը։

«Իսկ ո՞րն է այդ մոտեցումը։ Իմ կարծիքով՝ դա ոլորտի բաց բաժնետիրացումն է։ Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը Հայաստանի Հանրապետությունում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու։ Ես նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում», - հայտարարել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Ամուլսարի նախագծում կառավարության ունեցած բաժնեմասերի հետ կապված իշխանությունների նպատակն էլ հենց այդ գործընթացը խթանելն է։ Պետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունի շուրջ 21,9 տոկոս բաժնեմաս, իսկ Ամուլսարի ոսկու հանքի նախագծում՝ 12,5 տոկոս։

«Նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Ամուլսարի նախագծում կառավարության բաժնեմասի հետ կապված մեր ընկալումները հենց այդպիսին են, որ մենք ուզում ենք հասնել մի կետի, երբ կառավարությունն ինքը օրինակ ցույց տա և բաց բաժնետիրացման գործընթացն այդպիսով խթանի Հայաստանի Հանրապետությունում», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը հիշատակել է նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։

«Ամուլսարում արտադրանքի առաջին թողարկման հանդիսավոր արարողության ժամանակ ես հարց տվեցի՝ ի՞նչն է պատճառը, որ մենք այստեղ հանգիստ պայմաններում այս ամենն անում ենք։ Որովհետև մեր գործողություններն ուղղված էին նրան, որ հանրությունն իրեն ներգրավված զգա։ Հիմա էական չէ՝ նախորդ պատմություններն ինչ ներքին հոսանքներ են ունեցել, ինչ ինտրիգներ են եղել։ Փաստն այն է, որ երբ հանրությունը տեսնում է իր ավելի մեծ ներգրավվածությունը և տեսնում է իր ավելի մեծ հանրային շահը, այդտեղ էականորեն փոխվում է ընկալումը», - հայտարարել է վարչապետը։

Ամուլսարի հանքի շահագործումը, սակայն, տարիներ շարունակ բնապահպանների ու հասարակական կազմակերպությունների բողոքի պատճառ է եղել։ Հոկտեմբերի 10-ին՝ ավելի քան երկու տասնամյակ տևած վեճերից հետո, վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկեց հանքի շահագործումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամուլսարի ոսկու առաջին ձուլակտորը՝ բնապահպանների չփարատված մտահոգությունների ֆոնին

Մինչ վարչապետըվստահեցնում է, որ բնապահպանական մտահոգությունները փարատվել են, բնապահպանները պնդում են՝ հանքի շահագործման ռիսկերը չեն վերացել։ Նրանք հիշեցնում են դեռ 2019 թվականին միջազգային «Էլարդ» ընկերության իրականացրած ուսումնասիրությունը, որով թերություններ ու բացթողումներ էին արձանագրվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթերում։

Հանքի շահագործման մեկնարկից հետո ավելի քան վեց տասնյակ հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիներ պահանջել են անհապաղ դադարեցնել աշխատանքները՝ ահազանգելով Արփա և Որոտան գետերի, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերի համար հնարավոր վտանգների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը հաջողության պատմություն է». ՓաշինյանԱՄՆ դեսպանությունը ողջունում է Ամուլսարի հանքի գործարքը Ռիսկային է. տնտեսագետը՝ կառավարության 150 մլն դոլար երաշխիքի տրամադրման մասինԿառավարությունը 150 մլն դոլարի վարկային երաշխիք է տրամադրում Ամուլսարի հանքի շահագործման համար