Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում այսօր զանգվածային բողոքի ցույցեր են՝ ընդդեմ թանկացումների, սոցիալական անհավասարության և կրթական համակարգի խնդիրների։ Փարիզում և Մարսելում ցուցարարների ու ոստիկանների միջև արդեն բախումներ են տեղի ունեցել, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։

Կազմակերպիչների տվյալներով՝ ամբողջ երկրում նախատեսված է ավելի քան 600 ցույց։ Իշխանությունների հաշվարկներով՝ շուրջ 200 հազար մարդ կմասնակցի ցույցերին, որոնցից 40 հազարը՝ Փարիզում։

Բողոքի ակցիաներին մասնակցում են ուսանողներ, արհմիությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստներ։ Ցույցերը հաջորդում են անցած ամիս սկսված ուսանողական բողոքի ալիքին․ երիտասարդները դժգոհում են ուսուցիչների պակասից, դպրոցների անմխիթար պայմաններից և կրթության անբավարար ֆինանսավորումից։

Լարվածության պատճառով Փարիզում արգելվել են հավաքները Ելիսեյան պալատի, վարչապետի նստավայրի և Ելիսեյան դաշտերի հարակից տարածքներում։ Մայրաքաղաքի կենտրոնով երթ անցկացնելը ևս արգելված է։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ցուցարարներին հանգստության և փոխադարձ հարգանքի կոչ է արել՝ ընդգծելով, որ բողոքի իրավունքը պետք է զուգորդվի մարդկանց և գույքի նկատմամբ հարգանքով։

Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն էլ նախազգուշացրել է հնարավոր բռնությունների մասին՝ նշելով, որ երկիրը հոգնած է շարունակական ճգնաժամերից, պատերազմներից, գնաճից և կենսամակարդակի խնդիրներից։

Վերջին շաբաթների ուսանողական ցույցերն արդեն ուղեկցվել են բռնություններով․ վիրավորվել են հարյուրավոր ոստիկաններ և մի շարք ցուցարարներ։ Ոստիկանության գործողությունների առնչությամբ առնվազն երկու տասնյակ դեպք է քննվում։