Ուկրաինական անօդաչուների հարձակումների վտանգի պատճառով երկրորդ գիշերն անընդմեջ ժամանակավորապես փակվել են Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները։ «Մեդուզա»-ի հաշվարկներով՝ ավելի քան 350 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է, ամենաշատը՝ «Շերեմետևո» օդանավակայանում։
Մոսկվա ուղևորվող մի շարք ինքնաթիռներ վերահասցեագրվել են այլ քաղաքներ։ Միայն Նիժնի Նովգորոդի օդանավակայանն ընդունել է 22 ինքնաթիռ։ Ուղևորներից ոմանք բողոքել են, որ վայրէջքից հետո ժամերով չեն կարողացել դուրս գալ ինքնաթիռներից։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում մայրաքաղաքի ուղղությամբ ավելի քան 140 անօդաչու է շարժվել։
Հոկտեմբերի 17-ի գիշերը թռիչքների սահմանափակումներ են գործել Ռուսաստանի ընդհանուր առմամբ 12 օդանավակայաններում, այդ թվում՝ Սոչիում, Կալուգայում, Սարատովում և Յարոսլավլում։ Կեսօրվա դրությամբ Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններում սահմանափակումները դեռ չէին վերացվել։