12-ամյա տղան անընդհատ դպրոցական կռվի մեջ է ընկնում, տուն վերադառնում տարբեր վնասվածքներով: Նորագավիթի դպրոցներից մեկում է սովորում, լավ սովորող է, կարատե դո-ի Հայաստանի չեմպիոն, բայց ատում է ֆիզկուլտուրայի դասը, կռիվներն ամենաշատն այդ ժամին են․ «Գողական են իրենց պատկերացնում։ Դասարանից մի կողմից մյուսը հայհոյում են, դասատուն չլսելու է տալիս։ Դպրոց են գալիս, որ կռիվ անեն»,- պատմում է տղան։
Աշակերտական չարաճճիություններ չեն, մայրը ցույց է տալիս դրանց հետևանքները. մարտին քթի սալջարդ էր, ապրիլին՝ գլխուղեղի ցնցումը, սեպտեմբերի վերջին՝ ուսահոդի սալջարդ ու ցուցափայտի հարվածների հետքեր տղայի մեջքին․ «բերում եմ դպրոց, դպրոցից կիսամեռ տանում հիվանդանոց»,- նեղսրտում է մայրը։
Տղան էլ, մայրն էլ նույնն են ասում՝ դասարանից 3-4 տղաներ, նրանցից մեկը, պնդում են, տնօրենի հովանավորյալը, վեճեր են հրահրում ու սա արդեն երեք տարի․ «Միջադեպը երեխաների մեջ ա, բայց լուծումը չի տրվում տնօրինության կողմից։ Երբ մոտենում ես բժշկի թղթով, ինքն ասում է՝ դե երեխա է։ Հենց ասում ես կբողոքեմ, ասում է՝ նախարարության տեղը ես էլ գիտեմ, ինձ իմ գործը մի սովորացրեք։ Խնդրում եմ որպես ծնող, ասում եմ՝ գոնե տեսուչ թող գա, ասում է՝ իմ դպրոց ոստիկան չի մտնելու»։
Մայրը պնդում է՝ դպրոցի տնօրենը, հոգեբանը , դասղեկը իրենց գործը չեն անում, վերջինս այսպես է արձագանքել հերթական ծեծին․ «Հա, իմ թոռնիկը տեսել է, ասել է տատիկ, մենակ տեսնեիր ոնց են իրար խփում»։
Տնօրենը միայն մի լուծում է առաջարկել . երեխային հանեք այս դպրոցից․ «Հանեք, որովհետև հեռու եք ապրում։ Մենք ապրում ենք 1200 մ հեռավորության վրա»։
Իսկ հոգեբանը կտրուկ խորհուրդ է տվել․ «Երբ որ քեզ խփում են, դու էլ խփի, եթե քեզ վատ բառեր են ասում, դու էլ վատ բառ ասա։ Երբ որ մի ուրիշ կռիվ եղավ, ասաց՝ խի ես խփում, ասացի՝ Դուք եք ասել, ասաց՝ հա էդ ուրիշ բան է»,- պատմում է 12-ամյա տղան։
Մայրն ասում է՝ որդին կարատեի խմբով պարբերաբար պարապմունքների է, երբեք խնդիր չի ունենում, միայն դպրոցում այս մի քանի հոգու հետ։
«Իմ երեխայի՞ց է խնդիրը, եկեք իմ երեխայի հետ աշխատենք»,-ասում է տղայի մայրը։
Սկզբում չի բողոքել, հույսով՝ դպրոցում մանկավարժները կաշխատեն երեխաների հետ, բայց երբ բռնությունները շարունակվել են՝ դիմել է վարչապետի աշխատակազմ, կրթության նախարարություն, մարդու իրավուքնների պաշտպանին, գլխավոր դատախազին ՝ ցանկն ամբողջական չէ։ Դպրոց ոստիկանությունից են եկել, բայց ասում է՝ ոչինչ չի փոխվել, բացի նրանից, որ տղայի նկատմամբ բռնություններին ավելացել է «գործ տվողի» պիտակը
Մայրը պատմում է՝ տղան դասի չի գնում, ոչ ոք չի զանգել՝ հարցնի՝ ինչու չի գալիս։
Դպրոցի տնօրենի հետ կապ հաստատել չկարողացանք, դպրոցից փոխանցեցին՝ հարցազրույց չի տալու: 7-րցիների դասղեկը պնդում է՝ ծնողը ուռճացնում է եղածը
«Ինքը ճիշտ չի ներկայացրել, վնասվածքները միայն մեկն ա եղել մեզ մոտ՝ ուղեղի ցնցման դեպքը, երբ մի երեխայի հետ վիճել են։ Մնացածի հետ գործ չունենք»։
Իսկ հետքե՞րը երեխայի մեջքին, բժշկական եզրակացություննե՞րը քթի, ուսահոդի սալջարդերի մասին․ դասղեկն այս հարցերը անպատասխան թողեց։ Այս պատմությանը անդրադարձել են Երևանի քաղաքապետարանից. ուսումնասիրել են ու արձանագրում են՝ «սրանք իրավիճակային կոնֆլիկտներ են, որ պայմանավորված են սովորողների տարիքային առանձնահատկություններով»:
«Պարբերական ու համակարգված հոգեբանական կամ ֆիզիկական բռնության դրսևորումների մասին տեղեկությունը չի հաստատվել»,- գրում են քաղաքապետարանից: Դպրոցում սահմանվել է խիստ վերահսկողություն:
Մայրը մտադիր չէ փոխել երեխայի դպրոցը , ասում է՝ կհասնեմ նրան, որ դպրոց գնա ու տուն վերադառնա առանց ցնցումների ու վնասվածքների։ Տղան էլ նույնն է ուզում. դպրոցական այս թրիլլերն ավարտվի, ինքը դպրոց գնա։