Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ընթացքում Երևանն ու Բաքուն անկլավ-էքսկլավների հարցին անդրադառնան ավելի շուտ՝ չսպասելով մինչև սահմանազատումը հասնի այդ հատվածներին։
«Ազատության» հարցին՝ արդյոք պահպանվելո՞ւ է սահմանազատումը հյուսիսից հարավ իրականացնելու սկզբունքը, նախարարն այսօր պատասխանեց. -
«Ընդհանուր առմամբ այդ սկզբունքը չի խախտվում, բայց կա ըմբռնում, որ առանձին հատվածներ գուցե արագացնելու անհրաժեշտություն լինի։ Հիմա, երբ կա անկլավների մասին պատկերացում, չեմ բացառում, որ այդ հարցն էլ գա առաջ»։
Հայաստանն ու Ադրբեջանը իրենց մոտ 1000 կիլոմետրանոց ընդհանուր սահմանից 2024-ի գարնանը 12 կիլոմետր են սահմանազատել՝ Տավուշ - Ղազախ հատվածում: Այդ ժամանակ Երևանը Բաքվին վերադարձրեց նախկին ադրբեջանաբնակ 4 գյուղեր: Գետնի վրա սահմանազատման գործնական աշխատանքներն այդ փուլից հետո կանգ են առել, թեև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները ժամանակ առ ժամանակ հանդիպում են:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների հարցը հնարավոր է լուծել հավասար մակերեսով տարածքների փոխանակմամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքը պետք է կազմի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր, տարածաշրջանի բոլոր ճանապարհները պետք է բացվեն, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային կամ այլ պահանջներ չպետք է ունենան։
Երեկ արդեն վարչապետը հստակեցրեց, որ անկլավ/էքսլավների մասին խոսելիս նկատի ունի հայկական վերահսկողության ներքո գտնվող Քյարքի [խմբ. Տիգրանաշեն], Բարխուդարլու, Սոֆուլու, Ասկիպարա և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշեն գյուղերը: Փաշինյանը նաև նկարագրեց անկլավային գյուղերի «տեղաշարժման» տարբերակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը անկլավների հարցում նաև գյուղերի «տեղաշարժման» տարբերակն է առաջ քաշումԱյսօր արդեն արտգործնախարարը պարզաբանեց, թե ինչպես կարող է իրականացվել տարածքների փոխանակումը։
«Ենթադրենք՝ յուրաքանչյուրը ունի 70 քառակուսի կմ մյուսի խորքում։ Կամ սահմանն է մի փոքր տեղաշարժվում, և անկլավները վերանում են, կամ ասում ենք՝ այն 70-ը՝ քեզ, այս 70-ը՝ մեզ։ Պարզ է, որ այնտեղ ճշգրիտ հավասարություն չի լինի, մի քիչ պետք է փոփոխվի։ Բայց այս պահին չկա պայմանավորվածություն, կա երկու կողմերի պատրաստակամություն՝ փորձել այս հարցը լուծել այսպիսի տարբերակներով, որ հետո երկու ժողովուրդների և քաղաքացիների կյանքը չբարդանա», - ասեց Միրզոյանը։
Միրզոյանը միաժամանակ ընդգծեց, որ անկլավ-էքսկլավների հարցը զգայուն է երկու հասարակությունների համար, ուստի կարևոր է փոխադարձ ընդունելի լուծում գտնել։ Նրա խոսքով՝ տարածքների փոխանակման հարցը պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։
«Եթե հասարակություններին բավարարող լուծում լինի, ապա բնականաբար կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը, առավելագույնս ապագայի համար առանց ականների տրամադրվելուն, որովհետև անկլավ-էքսկլավը, այնուամենայնիվ, թեկուզ տեխնիկապես, եթե նույնիսկ ամեն ինչ հրաշալի է հարաբերություններում, բարդացնում է երկրների կյանքը», - ասաց արտգործնախարարը։
Արտգործնախարար Միրզոյանը այսօր նաև հնարավոր է համարեց, որ մոտ ապագայում փոխկապակցվեն Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները։