Մեկնարկել է COP17-ի շրջանակում առաջնորդների գագաթնաժողովը

Երևան են ժամանել մի շարք երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երևանում այսօր մեկնարկում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովը։

Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրների առաջնորդներ։

Երևանում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Թուրքիան գագաթնաժողովում կներկայացնի գյուղատնտեսության նախարարը, տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Նրա խոսքով՝ թուրք նախարարը հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակցող առաջնորդների հետ։

Իրանի նախագահի հետ Երևան է ժամանել նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին, նա սակայն խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց:

Գագաթնաժողովի լիագումար նիստի բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի համար կենսաբազմազանության կարևորությանը՝ հիշեցնելով, թե ինչպես են բնության պաշարները օգնել երկրին 90-ականների ծանր տարիներին։

«90-ականների սկզբներին, երբ ներմուծումների և արտադրությունների շղթաները ջարդվել էին, և ՀՀ-ում ամենօրյա սննդի խնդիր կար, Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության։ Առանց չափազանցության՝ մի քանի տարի Սևանի սիգը ՀՀ-ի բնակչությանը սնող հիմնական մթերքն է եղել, սա էլ իր հերթին սպառման եզրին էր հասցրել Սևանի ձկնային պաշարները», - ասել է Փաշինյանը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանում ռազմական գործողությունների բնապահպանական հետևանքներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգների և «սիոնիստական ռեժիմի» նախաձեռնած պատերազմը լրջորեն սպառնում է էկոհամակարգերին՝ էներգետիկ կայանների ոչնչացման, հրդեհների և աղտոտիչ նյութերի արտանետումների հետևանքով։

«Սա զուտ ներպետական խնդիր չէ, որը սահմանափակվում է մեկ երկրի սահմաններով. բնությունը քաղաքական սահմաններ չի ճանաչում», - հայտարարել է Փեզեշքիանը։

  • ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
  • Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։