Կոչ բոլոր կողմերին. Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանում պատասխանում է լրագրողների հարցերին, 15-ը հոկտեմբերի, 2026 թ.

Ինչո՞ւ ՄԱԿ-ը ճնշում չի գործադրում, որպեսզի Բաքուն ազատ արձակի հայ գերիներին. այսօր Երևանում կայացած ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ հղեց «բոլոր կողմերին»:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները, որը նաև, բնականաբար, ներառում է կալանավորված անձանց», - ասաց ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովին՝ COP 17-ին մասնակցելու համար Երևան ժամանած Գուտերեշը:

Անցած տարի Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրում գերիների մասին կետ չկա:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում է փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հույս հայտնեց, որ հայ - ադրբեջանական համաձայնագիրն արագ կստորագրվի. - «Ես խաղաղության պայմանագրի մեծ ջատագովն եմ: Հույս ունեմ, որ խաղաղության համաձայնությունը արագ գործողության կվերածվի և կլուծվեն բոլոր առկա խնդիրները, որոնք իսկապես ցավալի են»:

Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Անտոնիու Գուտերեշը կարևորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը:

«Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում», - ասել էր ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գուտերեշը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը