Փաշինյանը անկլավների հարցում նաև գյուղերի «տեղաշարժման» տարբերակն է առաջ քաշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Անկլավ-էքսկլավների շուրջ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր դարձյալ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նորից ներկայացրեց հնարավոր տարբերակները՝ դրանց շարքում նշելով գյուղերի «տեղաշարժման» տարբերակը:

«Խոսքն, այո, Քյարքիի, Բարխուդարլուի, Սոֆուլու գյուղ, Ասկիպարա գյուղերի [ադրբեջանական անկլավների], այսինքն այդ միավորների ու Արծվաշենի [հայկական անկլավի] մասին է», - նշեց Փաշինյանը:

Երեկ վարչապետը հայտարարեց, որ անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ: «Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», - նշել էր նա:

Այսօր արդեն Փաշինյանը «տեղաշարժման» տարբերակը նկարագրեց:

«Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց, սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Բայց, օրինակ, կարող է լինենլ, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն, բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»,- ասաց վարչապետը՝ նշելով՝ նույնն էլ լինելու է հակառակ կողմից։

Փաշինյանն այսօր ևս շեշտեց, որ անկլավ-էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակ կա, այդ թվում՝ տարածքների փոխանակումը:

«Այդ սցենարները նորություն չեն, որ քննարկվել են, դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու և այդպես շարունակ»:

«Տեխնիկապես և իրավական առումով դա ի՞նչ ձևակերպում կստանա: Նման սցենարի դեպքում, օրինակ, հանրաքվե՞, թե՞ ոչ, իրավաբանական վերլուծության հարց է: Նախ պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, որպեսզի կարողանանք խնդրին իրավական առումով էլ, քաղաքական առումով էլ ճիշտ լուծում տանք», - ընդգծեց վարչապետը:

Անկլավ-էքսկլավների թեման 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում է: Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենին զուգահեռ, կիրառում է նաև «Քյարքի» անվանումը՝ պնդելով, թե այդկերպ հանում է թեմայի նյարդը, որպեսզի այն հետագայում չդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիայի պատճառ:

Փաշինյանը մինչև օրս նաև պնդում էր, թե անկլավ-էքսկլավների հարցով Բաքվի հետ որևէ քննարկում կամ որոշում չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խնդիր եմ դրել՝ մինչև 2031 թվականը հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը». Փաշինյան