Հայ - թուրքական բանագնացի կարիք կարող է չլինել. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան

Հայ-թուրքական սահմանը կարող է ավելի շուտ բացվել, քան կարգավորման հարցով Երևանի բանագնացի թեկնածությունը հաստատվի, հայտարարում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մի ընդունեք սա որպես պաշտոնական հայտարարություն, բայց անկեղծ ասած, դա դեռ հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետեւ կարող է սահմանի բացումը լինի ավելի շուտ լինել, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը», - «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասել է Արարատ Միրզոյանը:

Արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիայի հետ համարյա ամենօրյա կոնտակտ կա: Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված նախօրեի իր լավատեսական հայտարարությունը, թե հնարավոր է՝ «վաղն առավոտյան արթնանանք ու տեսնենք՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է», Միրզոյանը պնդում էր՝ տեղի ունեցող գործընթացներով:

«Թուրքիայում որոշեցին վերացնել Հայաստան արտահանման արգելքը, մենք միասին վերանորոգում ենք Անիի կամուրջը, մենք Գյումրի-Կարս երկաթուղու աշխատանքային խումբ ունենք, որը պարբերաբար հանդիպում է: Հայաստանում կանցկացվի Հայաստան-Թուրքիա գործարար համաժողով, հուսով եմ՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի և դրանով կանցնեն հայ գործարարները, ինչպես Կարսում անցկացված համաժողովի ժամանակ: Ուզում էին ասել, որ գործընթացն այնքան հասունացած է, որ շատ բնական կլինի ցանկացած օր ունենալ ամբողջական կարգավորում», - ասաց Միրզոյանը՝ ընդունելով, որ վերջնական նպատակին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը ու սահմանի ամբողջական բացմանը դեռ չեն հասել:

Երևանն ու Անկարան պայմանավորվել են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն մինչ օրս այդ պայմանավորվածությունը իրականություն չի դարձել: