Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկս բաժնետոմսերը ճանաչեց հանրային գերակա շահ։
Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։
«Մենք ակնկալիք ունենք, որ Հայաստանի համապատասխան մարմինները կուսումնասիրեն նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը: Մենք նաև պրոցեսները մեկը մյուսի հետ չենք կապում, որովհետև մեկը մյուսին չի խանգարում ու չի բացառում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փոխհատուցման կոնկրետ չափ չնշեց. «Պիտի լիցենզավորված կազմակերպությունը գնահատում իրականացնի»:
«Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ դա [ՀԷՑ-ը] դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման հանձնենք համաշխարհային թոփ ընկերության։ Մենք մասնավորեցնելու նպատակ չունենք։ Եթե հանկարծ պարզվի, որ մեր պլան Ա-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, մենք նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էլ նշել է. «Առաջիկա ամիսներին կկազմվի օտարվող գույքի նկարագրի արձանագրություն, բաժնետոմսերը կանցնեն շուկայական գնահատում, և օրվա սեփականատերերին կտրամադրվի գնահատման չափով փոխհատուցում։ Արդյունքում՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականություն»։
Ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, սակայն, դեռ անցած ամիս հայտարարել էր, թե ՀԷՑ-ը չի վաճառվում:
ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ «Ազատություն»-ը գրել էր, որ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 000 դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։