Հռոմի պապի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել, բայց վիրահատությունը հաջող է անցել

Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորում է Հրեշտակի աղոթքը Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից, 11-ը հոկտեմբերի, 2026 թ.

Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել, նրա աջ թոքի ստորին հատվածը հեռացվել է հաջողությամբ, հայտնել է Վատիկանը։

71-ամյա պոնտիֆիկին երեկ Հռոմի Ջեմելի հիվանդանոցում վիրահատել են մոտ 90 րոպե, ինչից հետո նրա մոտ ախտորոշվել է թոքերի ադենոկարցինոմա։

«Վիրահատությունը հաջող է անցել, և բարդություններ չեն եղել: Վիրահատությունից հետո Հռոմի պապը նորմալ արթնացել է և կարճատև զննությունից հետո վերադարձել իր հիվանդասենյակ»,- հայտնել է Վատիկանը։

Հայտարարությունում նաև նշվում է, որ Պապի աջ թոքի ամբողջ ստորին հատվածն է հեռացվել՝ ապահովելու, որ գոյացությունն ամբողջությամբ է հեռացվել: Հռոմի պապը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հռոմի պապ Լևոն 14-րդը հոսպիտալացվել է․ նրան վիրահատելու են

Վատիկանից Agence France-Presse լրատվական գործակալությանը հայտնել են, որ լրացուցիչ թեստեր են անցկացվում՝ պարզելու համար, թե արդյոք կան քաղցկեղի տարածման նշաններ։

Լևոն XIV-ը գոյացության մասին հայտնել էր կիրակի: Այն առաջին անգամ հայտնաբերվել է բժշկական հերթական զննության ժամանակ: Նա ասել էր, որ հանգույցը կամ գոյացությունը հայտնաբերվել է «շատ վաղ փուլում», սակայն բժիշկները նրան խորհուրդ են տվել հեռացնել այն։

Մինչ այդ մեծ բազմություն էր հավաքվել հիվանդանոցի դիմաց։ Նրանք ծափահարություններով ողջունել և բարեմաղթանքներ էին հնչեցրել Պապին, երբ նա անցել էր բազմության մոտով հիվանդանոց մտնելիս: