Ավագանին առանց քննարկման հաստատեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը

Երևանի ավագանին այսօր չզեկուցվող ընթացակարգով հաստատեց քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը։

Մինչ քվեարկությունը ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն առաջարկեց նախագիծը չզեկուցվող հարցերի շարքից տեղափոխել զեկուցվողների ցանկ, սակայն առաջարկը չընդունվեց։

Թորոսյանը պնդեց, որ հարցը պետք է հրապարակային քննարկվի, որպեսզի հանրությունն իմանա՝ ինչ փոփոխություններ են նախատեսվում։ Նրա խոսքով՝ նախագիծը հարցեր է առաջացրել նաև քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում։ Ավագանու ընդդիմադիր անդամն առաջարկեց քննարկել՝ արդյոք ճիշտ չէ առաջին հերթին բարձրացնել ավելի ցածր աշխատավարձ ստացողների վարձատրությունը։

Ի պատասխան՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ այս փուլում սահմանվում են աշխատավարձերի հաշվարկման գործակիցները։ Նրա խոսքով՝ նման փոփոխություններ են իրականացվում ամբողջ պետական համակարգում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, և Երևանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից։

Նախագծով քաղաքապետ Տիգրան Ավինյանի ամսական աշխատավարձը ներկայիս 1 միլիոն 320 հազար դրամից կհասնի 2 միլիոն 80 հազարի։ Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կկազմի 1 միլիոն 913 հազար դրամ, մյուս տեղակալներինը՝ շուրջ 1 միլիոն 830 հազար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի քաղաքապետարանում նախատեսում են հունվարից բարձրացնել աշխատավարձերը

Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը 850 հազարից կհասնի 1 միլիոն 248 հազար դրամի, իսկ քաղաքապետի խորհրդականներինը՝ 629 հազարից 915 հազարի։

Քաղաքապետարանում նոր՝ ավելի բարձր աշխատավարձեր կստանան 2027 թվականի հունվարից։