Երևանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտից սկսել է ապամոնտաժել Երևանի Շինարարների փողոցի կրպակները, չնայած կրպակատերերի բողոքի ակցիաներին:
Սեփականտերերը մի քանի օր է բողոքում են ապամոնտաժման դեմ, ոմանք ասում են, որ սեփականության վկայական ունեմ, ոմանք դժգոհում են, որ իրենց պատշաճ ժամկետում չեն իրազեկել, ժամանակ չեն տվել իրենց գլխի ճարը տեսնելու, սակայն քաղաքապետարանն անդրդրվելի է:
Այսօր գործընթացին տեղում հետևող Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ ապամոնտաժում են միայն այն կրպակները, որոնք օգտագործվում են առանց սեփականության վկայականի: Իսկ ովքեր ունեն սեփականության վկայական, նրանց կրպակները չեն ապամոնտաժվում:
«Քանդում ենք, որ գազոններ լինեն, կանաչ գոտի լինի», - ասաց թաղապետը՝ հստակ չպատասխանելով հարցին, թե արդյոք փոխհատուցում են տրամադրելու մարդկանց:
Your browser doesn’t support HTML5
Լարված իրավիճակ Աջափնյակում
Իրավիճակը Շինարարների փողոցում պարբերաբար լարվում է: Այնտեղ է նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, ով մինչև խորհրդարան տեղափոխվելը Երևանի ավագանու անդամ էր:
Թաղապետը Մանուկյանին մեղադրեց, թե իրավիճակը լարում է, որովհետև նրա կնոջ հայրն այնտեղ գազալցակայան ունի: Մանուկյանը հակադարձեց, թե աները օրինական սեփականություն ունի: Վեճը ուղեկցվում էր «լակոտ», «համբալ» բառերով: Ոստիկաններին հաջողվեց կանխել վեճի առավել թեժացումը: