Բաքվում այսօր մի քանի տասնյակ մարդիկ են ձերբակալվել, իսկ դպրոցներից մեկի տնօրենի մեքենան, ըստ տարածված հաղորդումների, հրկիզվել է՝ հիջաբի սահմանափակումների դեմ խորացող բողոքի ալիքի ֆոնին։
Տարածված տեսանյութերից մի քանիսում երևում են դպրոցների կոտրված ապակիներ։ Մեկ այլ տեսանյութում տղամարդը դպրոցի մոտ կրոնական կարգախոսներ է վանկարկում, իսկ հավաքված մարդիկ հետևում են նրան։ Ծնողները պնդում են, որ հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցչուհիներին թույլ չեն տալիս մտնել դպրոց։
Your browser doesn’t support HTML5
Ադրբեջանում ցույցեր են դպրոցներում հիջաբի սահմանափակումների դեմ
Դժգոհության ալիքը սկսվել է սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կառավարությունը նոր սահմանափակումներ մտցրեց դպրոցական հագուստի վերաբերյալ։ Թեև ընդունված կանոնակարգերում մահմեդական գլխաշորի՝ հիջաբի մասին ուղիղ չի խոսվում, նշվում է, որ դպրոցական հագուստը չպետք է հակասի երկրի աշխարհիկության սկզբունքներին։
Նոր պահանջների կիրառումից հետո մի շարք դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցչուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին, ինչն էլ բողոքի պատճառ է դարձել։
Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են դպրոցների մոտ «Ազատություն հիջաբին» կարգախոսով բողոքի ակցիաներ անցկացնող աշակերտներ և ծնողներ։ Որոշ տեսանյութերում էլ աշակերտները լալիս են և գրկախառնվում ուսուցիչների հետ՝ դպրոցից հեռացվելուց հետո։ Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ առնվազն երկու դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը։
Այսօրվա բողոքի գործողություններից հետո արդեն Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 37 մարդու ձերբակալության մասին։ Ըստ գերատեսչության՝ քրեական գործ է հարուցվել հասարակական կարգը խախտող գործողություններ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հատկանիշներով։
Ոստիկանությունը պնդում է, որ մի խումբ անձինք վնաս են հասցրել կրթական հաստատություններին, ինչպես նաև փորձել են խոչընդոտել երթևեկությունը։ Տեղեկություններ են տարածվել նաև դպրոցներից մեկի տնօրենի ավտոմեքենայի հրկիզման մասին։ Կառավարամետ լրատվամիջոցները մեքենայի հրկիզումը կապել են բողոքի ցույցերի հետ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։
Թուրքական հե՞տք
Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները բողոքի ալիք են առաջացրել նաև Թուրքիայում։ Դեռ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննադատել էր մահմեդական կանանց և աղջիկների գլխաշորի նկատմամբ սահմանափակումները՝ դրանք ներկայացնելով որպես կրոնական ազատության և կանանց իրավունքների խնդիր։ Թուրքիայի նախագահը, սակայն, խուսափել էր Ադրբեջանի անունը ուղղակիորեն հիշատակելուց։
Հոկտեմբերի սկզբին արդեն բողոքի գործողություններ են տեղի ունեցել Ստամբուլում՝ Ադրբեջանի հյուպատոսության մոտ։ Ակցիան կազմակերպել էր թուրքական Özgür-Der իրավապաշտպան կազմակերպությունը։ Ցուցարարները քննադատել են Ադրբեջանի իշխանություններին՝ պնդելով, որ դպրոցներում կրոնական հագուստի սահմանափակումները խախտում են հավատացյալների իրավունքները։
Թուրքիայում այս հարցը հատկապես զգայուն է՝ հաշվի առնելով երկրի ոչ վաղ անցյալը։ Տասնամյակներ շարունակ թուրքական համալսարաններում և պետական հաստատություններում գործել են գլխաշորի սահմանափակումներ, որոնց զգալի մասը, սակայն, վերացվել է Էրդողանի իշխանության տարիներին։
Բաքվի արձագանքը ևս չի ուշացել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության միջոցառման ժամանակ հորդորել էր արտաքին ուժերին զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց։ Նա էլ իր հերթին Թուրքիայի անունը չէր հիշատակել։
Ավելի վաղ, սակայն, Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը հայտարարել էր, թե Թուրքիայի տարածքից գործող որոշ շրջանակներ սոցիալական ցանցերում համակարգված տեղեկատվական արշավ են իրականացնում Ադրբեջանի դեմ։ Բաքուն պնդել էր, որ այդ գործողությունների նպատակն է թուլացնել հասարակության վստահությունը պետական կառույցների նկատմամբ։
Իսկ Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը այսօր հայտարարել է, թե սոցիալական ցանցերում «նկատվում է համակարգված տեղեկատվական հարձակում՝ ուղղված դպրոցական հագուստի նոր կանոնների դեմ»:
Ըստ խորհրդի՝ տարբեր օգտահաշիվներից կարճ ժամանակահատվածում տարածվում են միանման հրապարակումներ և բացասական մեկնաբանություններ, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու կոչեր։ Ադրբեջանական կառույցը պնդում է, որ այդ գործողությունները համակարգվում են արտերկրում գտնվող միասնական կենտրոնից՝ նպատակ ունենալով արհեստականորեն զանգվածային դժգոհության տպավորություն ստեղծել և հարցը ծառայեցնել քաղաքական նպատակների։ Թե որ երկրից է իրականացվում ենթադրյալ արշավը, խորհուրդը չի հստակեցրել և իր պնդումները հաստատող անկախ ստուգելի ապացույցներ չի ներկայացրել։
Անկարան հերքում է հարաբերությունների ճգնաժամը
Երկու երկրների միջև հրապարակային տարաձայնությունների ֆոնին Թուրքիայի իշխանությունները փորձել են մեղմել լարվածությունը։ Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հերքել է Անկարայի և Բաքվի միջև քաղաքական ճգնաժամի մասին պնդումները։
Նրա խոսքով՝ երկու երկրների ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններում կարող են լինել տարբերություններ, սակայն դրանք քննարկվում են դաշնակցային հարաբերությունների շրջանակում։
Չելիքը նաև զգուշացրել է այն ուժերին, որոնք, ըստ նրա, փորձում են վնաս հասցնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին։
Միաժամանակ, փաստ է, որ հրապարակային տարաձայնությունները դեռ չեն ազդել ռազմավարական համագործակցության վրա։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ միայն այս տարվա առաջին ութ ամիսներին Թուրքիան ստացել է 6,2 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, իսկ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ է արտահանվել ևս 7,5 միլիարդ խորանարդ մետր։
Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը նաև համատեղ զորավարժություններ են անցկացրել։
Միայն հիջաբի՞ հարցն է բաժանում Անկարային ու Բաքվին
Թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին շաբաթների տարաձայնությունների թեման միայն դպրոցական հագուստը չէ։
Թուրքական որոշ քաղաքական և կրոնական շրջանակներում դժգոհություն է առաջացնում նաև Ադրբեջանի սերտ համագործակցությունը Իսրայելի հետ։ Մինչ Անկարան Գազայի պատերազմի պատճառով կտրուկ քննադատում է Իսրայելի իշխանություններին, Նեթանյահուին որակում «ցեղասպան», Բաքուն շարունակում է պահպանել Իսրայելի հետ ռազմավարական, ռազմական և էներգետիկ կապերը։
Տարաձայնությունների մեկ այլ թեմա է տարածաշրջանային քաղաքականությունը, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Երևանի հետ հարաբերությունն երի կարգավորումը պետք է համաձայնեցվի և համակարգվի նախ և առաջ Բաքվի հետ։
Ի՞նչ է սպասվում
Թեև ադրբեջանական անգամ կառավարամետ լրատվամիջոցներն են արդեն հայտնում բողոքի ցույցերի մասին, սակայն դրանց հետագա ընթացքը դեռ անորոշ է։ Հայտնի չէ՝ իշխանությունները պատրաստվո՞ւմ են վերանայել վիճահարույց կանոնները, թե՞ շարունակելու են դրանց կիրառումը։
Առայժմ հստակ չէ նաև, թե որքան լայն տարածում ունեն բողոքի գործողությունները։ Թեև հաղորդվում է տարբեր քաղաքերում տեղի ունեցած ակցիաների մասին, դրանց մասնակիցների թվի և աշխարհագրության վերաբերյալ անկախ աղբյուրների կողմից հաստատված ամբողջական տվյալներ չկան։