Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ավարտում է պաշտոնավարումը․ լրացել է նրա վեցամյա ժամկետը։
Այսօր այդ կապակցությամբ Դիլանյանին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնել նրան աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետն ավարտվում գործող կարգավորումներով։ Գործող օրենքով ՍԴ նախագահը վերընտրվելու իրավունք չունի:
«Երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում», - ասել է Փաշինյանը։
Դեռ հայտնի չէ, թե Դիլանյանից հետո ով է հավակնում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին: Նոր նախագահին ՍԴ 9 դատավորները պետք է ընտրեն իրենց կազմից։ Թեկնածու կարող են առաջադրել դատավորները, հնարավոր է նաև ինքնաառաջադրում։ Եթե թեկնածուները մեկից ավելի լինեն, ընտրվելու համար անհրաժեշտ է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, մեկ թեկնածուի դեպքում՝ մեծամասնությունը։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է թափուր պաշտոն առաջանալու պահից՝ տասնօրյա ժամկետում:
Դիլանյանը 2018 թվականին է ընտրվել ՍԴ դատավոր, 2020-ին՝ նախագահ: Բարձ դատարանի դատավորներն ընտրվում են 12 տարի ժամկետով, հետևաբար Դիլանյանը դեռ չորս տարի կպաշտոնավարի որպես դատավոր: