Ամերիկացի սենատորները Թրամփից պահանջում են հրաժարվել ռուսական դիզելի ներմուծումից

Մի խումբ ամերիկացի սենատորներ պահանջում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի Ռուսաստանից դիզելային վառելիքի ներմուծումը վերսկսելու որոշումից՝ պնդելով, որ այն հակասում է ամերիկյան օրենսդրությանը։

Երեք դեմոկրատ և չորս հանրապետական սենատորների համատեղ հայտարարության համաձայն՝ Կոնգրեսը դեռ 2022-ին արգելել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը՝ Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու Մոսկվայի հնարավորությունները սահմանափակելու նպատակով։ Սենատորների պնդմամբ՝ Թրամփի վարչակազմը ռուսական դիզելի ներմուծումը թույլատրելուց առաջ Կոնգրեսի հետ չի խորհրդակցել և չի հիմնավորել որոշումը, ինչպես պահանջում է օրենքը։

«Միացյալ Նահանգները չպետք է ֆինանսապես աջակցի Պուտինին, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանությունները», - հայտարարել են սենատորները՝ վարչակազմին կոչ անելով անհապաղ փոխել որոշումը։

Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը վերսկսելու է դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկաներ։

Թրամփի որոշումը քննադատել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ այն անվանելով «ներդրում պատերազմի մեջ» և «նվեր Պուտինին»։