Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր կրկին հայտարարեց՝ «համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի»՝ նշելով, որ երկու շաբաթից կներկայացնեն «խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագիրը:

Թե որ ուժերի մասին է խոսքը Կարապետյանը չմանրամասնեց, միայն նշեց. «Համախմբելու ենք ճիշտ ուժերի, ովքեր իրոք ընդդիմադիր են»:

«Ես նույնիսկ դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ, քանի որ իրենք էլ դարձել են Փաշինյանի կամակատարները, այնտեղ էլ կան արժեքավոր մարդիկ, որ իրավունք չունեն մնալ Փաշինյանի կամակատարներ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Իսկ թե ի՞նչ սկզբունքներ է իր մեջ ներառում «խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագիրը, և ի՞նչ այլընտրանքներ են առաջարկում, Սամվել Կարապետյանը չներկայացրեց:

Գործարար Կարապետյանը հունիսի 7-ի ընտրություններից 10 օր անց էր հայտարարել ընդդիմադիրներին համախմբելու իր նախաձեռնության մասին։ Օգոստոսի սկզբին արդեն վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ պայքարի օրակարգով ընդդիմադիր ուժերի համախմբման քննարկումները սկսվել են: Այս քննարկումներից, սակայն, հանրությանը, մանրամասներ հայտնի չեն դարձել:

Գործարարը անցած ամիս էլ պնդել էր, թե ընդդիմադիրների շրջանում իր նախաձեռնած կոնսոլիդացիան «շատ արագ գնում է առաջ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ Սամվել Կարապետյանի՝ «կոնսոլիդացիան շատ արագ գնում է առաջ»